կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց հիմնախնդիրներին

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց հիմնախնդիրներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց շրջանում աղքատության հաղթահարման, նրանց տնտեսական հզորացման ու գենդերային հավասարության ապահովմանն ուղղված պետության քաղաքականությունը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը մանրամասնել է կանանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով, որ իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 թ. Կայուն զարգացման նպատակների օրակարգին։ Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ կանանց իրավունքների պաշտպանությանը զուգահեռ՝ ապահովելու վերջիններիս լիարժեք մասնակցությունը երկրի հասարակական կյանքում։

Անդրադառնալով 2024-2028 թթ․ ՀՀ գենդերային ռազմավարությամբ ամրագրված գերակայություններին՝ նախարարը խոսել է կանանց առաջխաղացման գործընթացում ազգային մեխանիզմի կատարելագործման, գենդերազգայուն մոտեցումների խրախուսման, գենդերային խտրականության հաղթահարման, ինչպես նաև կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման մասին։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է նաև գենդերային բռնության և խտրականության հաղթահարման ուղղություններով պետություն-մասնավոր հատվածի ջանքերի համախմբման կարևորությունը։

Ներկայացնելով կանանց զորեղացման, նրանց ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը՝ Նարեկ Մկրտչյանն այս գործընթացում շեշտել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը․

«ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում շարունակում են լինել 2023 թ․ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների հիմնախնդիրները։ Անհրաժեշտ սոցիալական աջակցությունից և զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերից զատ՝ պետությունը նրանց համար իրականացրել և այժմ էլ առաջնային է համարում նաև հոգեբանական, սոցիալական, իրավական, ինչպես նաև տնտեսական հզորացման ծառայությունների մատուցումը»,- իր ելույթում նշել է նախարարը։

Խոսելով կանանց տնտեսական հզորացման ու նրանց ինքնիրացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին՝ նախարարն ընդգծել է նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների աճի խրախուսման ու աջակցության տրամադրման անհրաժեշտությունը՝ կրթության, մենթորության, ցանցերի և այլ նախաձեռնությունների միջոցով:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված է կանանց շրջանում աղքատության հաղթահարմանը՝ խրախուսելով նրանց առաջնորդությունն ու գենդերային անհավասարության դեմ ուղղված քաղաքականությունը։

  • Կիսվել: