կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Հայկական կոնյակը Վրաստանի կոկորդին է մնացել

Հայկական կոնյակը Վրաստանի կոկորդին է մնացել

Ժամանակ առաջ Վրաստանում կանգնեցրել են կոնյակի սպիրտով բեռնված հայկական բեռնատարները։ Վրացական կողմը չի թողնում, որպեսզի հատեն սահմանը՝ պատճառաբանելով, որ պետք է ստուգել կոնյակի սպիրտի որակը:

Ինչ է կատարվում Վրաստանում և արդյոք իրավունք ունեն վրացիները կանգնեցնելու դեպի Ռուսաստան արտահանվող տրանզիտ բեռները:

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը խնդրից տեղյակ է։ Դեսպանատան կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվում են։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի պատասխանատու Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնին, ապա կաոույցի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն Analaitik.am-ին հայտնեց, որ կառույցը կոնյակի սպիրտի խնդրի հետ կապված ահազանգ չի ստացել։ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը և ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում են խնդրով:

Հարցին, թե արդյոք որակյալ է Վրաստանում գտնվող կոնյակի սպիրտը, կամ ընդհանրապես ստուգվել է արդյոք կոնյակի սպիրտը մեր երկրում, Հարությունյանը պատասխանեց, որ վերջին տարիներին ստուգումներ չեն արել, քանի որ ոլորտը ցածր ռիսկային է․ «Այս պահին ԵԱՏՄ գործընկերների հետ մշակվում է ալկոհոլի տեխնիկական կանոնակարգը»,-ասաց նա:

Նշենք, որ մոտ 2 տասնյակ բեռնատարներ կանգնած են Վրաստանում։ Վրացական կողմը նմուշառոււմ է կատարել և դրանք ուղարկել Գերմանիա՝ որակը ստուգելու համար:

Ինչպես երկու տարի առաջ Վրաստանում կանգնեցրել էին չրերով բեռնված մեքենաները և պատճառաբանել, որ կաուստիկ սոդան սահմանվածից ավելին է օգտագործվել, այնպես էլ այժմ կասկածում են կոնյակի սպիրտի որակյալ լինելու վրա:

Խոսակցություններ կան, որ հիմնական վրացական մտահոգությունը ռուսական շուկայում հայկական չրերի և կոնյակի սպիրտի շուկան գրավելն է։ Այժմ կոնյակի սպիրտը ստուգում են, ինչի իրավունքը, ըստ մասնագետների չունեն, քանի որ հայկական բեռները տրանզիտ են:

  • Կիսվել: