կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստան» միասնական տաղավարով տեխնոընկերությունները մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին

«Հայաստան» միասնական տաղավարով տեխնոընկերությունները մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։



Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։



Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:



Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։

  • Կիսվել: