շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: 

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից  ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝ երկու և ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները, ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից  որևէ մեկով խախտում, համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից և կկիրառվի այդ ամսաթվից հետո հարկային մարմնին ներկայացվող շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու դիմումների վրա:

Արման Պողոսյանը հայտնել է, որ 2020 թվականին վերադարձվել է 4,4 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 9,6 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 10,5 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 16 մլրդ դրամ:

Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ և դիտողություններ՝ կապված հարկային վարչարարության խստացման հետ: Արման Պողոսյանն այս համատեքստում նշել է, որ նախագծի նպատակը կարգապահության խրախուսումն է, ինչպես նաև այն մոտեցումը, որ ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող ընկերությունները չլինեն այս համակարգում:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե քանի նման ընկերություն է օգտվում նշված արտոնությունից: Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին այս հնարավորությունից օգտվել են շուրջ 3550 կազմակերպությունների բաժնետերեր, նախորդ տարիներին թվերն ավելի փոքր են եղել: Այդ կազմակերպությունների ցանկում եղել են նաև բանկեր:

Ֆինանսների փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել պատգամավորների առաջարկները:

Նախագծի քննարկումը հանձնաժողովի առաջարկով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

  • Կիսվել: