կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը սկզբնական կանխատեսումից ավելին են 45 մլն դոլարով. ֆիննախ

Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը սկզբնական կանխատեսումից ավելին են 45 մլն դոլարով. ֆիննախ

Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 2 տրլն 222 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախնական գնահատմամբ՝ մեր բյուջեն պետք է կազմեր 2 տրլն 203 մլրդ դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա նշանակում է, որ եկամուտներն այդ մասով 19 մլրդ դրամով (ավելի քան 45 մլն դոլար- խմբ.) ավելին են նախնական կանխատեսումից։ Հովհաննիսյանը նշել է, որ սկզբնական տվյալները հարկային եկամուտների ցուցանիշների գերակատարման արդյունքում, ինչպես նաեւ տնտեսական աճի պայմաններում, փոփոխվել են։

Նա ավելացրել է, որ բյուջեի եկամտային մասի ծրագիրը կատարվել է ամբողջությամբ։ «Ծախսերը կատարվել են 97 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 96։ Վերջին ցուցանիշը 2022թ. կազմել է 95 տոկոս»,- նշել է նախարարը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ հարկային մուտքերն ավելացել են, հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24,1  տոկոս՝ հիշեցնելով, որ կառավարության քաղաքականության նպատակներից մեկը հարկ/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի 25 տոկոսանոց ապահովումն է։

Վահե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը միջազգային ներդրողների համար դառնում է ավելի հրապուրիչ երկիր։

«Նկատվում են պարտատոմսերի եկամտաբերության դրական միտումներ, որտեղ որոշ անկում կար, ինչը կապված է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հետ»,- ամփոփել է նախարարը։

  • Կիսվել: