չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը տարեվերջյան հանդիպում է ունեցել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետը տարեվերջյան հանդիպում է ունեցել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ընթացքում բուժհիմնարկների կողմից կատարված աշխատանքները եւ 2023 թվականին նախատեսվող անելիքները։

Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը   խոսեց մարզի բուժհիմնարկների վերազինման մասին, նշելով, որ ՀՀ Կառավարությունն այդ նպատակով 2022 թվականին մարզին հատկացրել է ավելի քան 244 միլիոն դրամ, որպեսզի բուժհիմնարկները բուժսարքավորումների բացակայության հետ կապված խնդիրները հասցնեն նվազագույնի։

«Մենք նմանատիպ ծրագիր ունենք նաև 2023 թվականի համար, ուստի բուժհիմնարկների տնօրեններին առաջարկել եմ ներկայացնել բուժհաստատությունների համար անհրաժեշտ այն բուժսարքավորումների պահանջը, որոնց համալրումը կնպաստի, որպեսզի մարզի ազգաբնակչությունը ավելի որակյալ բուժծառայություն ստանա տեղում, այլ ոչ մայրաքաղաքում։ 2023 թվականի ընթացքում նաեւ երեք նոր բուժամբուլատորիաների կառուցման ծրագիր կիրականացվի մարզի Դպրաբակ, Լճափ եւ Ծակքար բնակավայրերում, կվերանորոգվի՝ հին, կամ՝ նոր հիվանդանոցի շենք կկառուցվի Վարդենիսում, կհիմնանորոգվի Գավառի պոլիկլինիկայի շենքը։ Մենք ձգտում ենք, որ այս եւ այլ ծրագրերի իրականացմամբ՝ մարզի առողջապահության ոլորտը զարգացում ապրի, գրանցվեն նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»,-նշեց մարզպետը։

Անդրադարձ կատարվեց նաեւ  բուժհաստատությունների նեղ մասնագետների ընդգրկվածությանը, բուժամբուլատորիաների ֆինանսական գործունեությանը, գնումների գործընթացի կազմակերպմանը, մարզպետարանի կողմից իրականացված աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքներին։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը խոսեց վարչության կողմից մի շարք բուժհիմնարկներում աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման, բուժհիմնարկների տնօրենների աշխատաժամանակի, բուժաշխատողների հաճախումների, հաշվապահների վերապատրաստման գործընթացի կազմակերպման, փաստաթղթաշրջանառության, դեղորայքի բաշխման, դեղատոմսերի դուրսգրման, հումանիտար եւ մարդասիրական դեղորայքի հասցեական տրամադրման, պատվաստումային գործընթացի եւ արդյունքների, հետազոտությունների պատասխանների ձեւակերպման, բուժաշխատողների կրեդիտավորման, շտապօգնության ծառայությունների գործունեության, զոհված, վիրավոր զինծառայողների եւ ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների անդամների բուժօգնության կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին մարզպետը պատասխանեց բուժհիմնարկների տնօրենների կողմից բարձրացված հարցերին եւ շնորհավորեց բոլորին՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

  • Կիսվել: