կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի քաղաքապետը հետևել է Մերգելյանի այգում վերակառուցման աշխատանքների ընթացքին

Երևանի քաղաքապետը հետևել է Մերգելյանի այգում վերակառուցման աշխատանքների ընթացքին

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին այցելել է Մերգելյանի վերակառուցվող այգու շինհրապարակ և հետևել աշխատանքների ընթացքին։

Տիգրան Ավինյանը ծանոթացել է այգու վերակառուցման, արդիականացման և բարեկարգման նախագծի առանձնահատկություններին, շրջել շինհարթակում, զրուցել հարակից շենքերի բնակիչների հետ, լսել այգու վերակառուցման հետ կապված նրանց առաջարկներն ու բարձրաձայնած խնդիրները։

«Մերգելյանի այգին գտնվում էր բավականին անմխիթար վիճակում և 30 տարիների ընթացքում տարատեսակ նոր կառույցներ էին հայտնվել՝ դեղատներ, մսի պասաժներ, սրճարաններ, արդեն հին կարուսելներ։ Այդ ամենը մենք նախորդ տարի հասցրեցինք քանդել և դուրս հանել և այս տարի արդեն իրականացվում է այգու վերակառուցման ծրագիրը, որը ենթադրում է նոր ծառերի տնկում, ամբողջական, բոլորի՝ երեխաների, մայրերի, տարեցների համար հասանելի այգի։ Կարծում եմ, քաղաքի ամենալավ և հետաքրքիր այգիներից մեկն է լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց Ավինյանը՝ ընդգծելով, որ չնայած ներկայում մայրաքաղաքի տասնյակ այգիներում են աշխատանքներ ընթանում, այնուամենայնիվ Մերգելյանի այգին կշարունակի գտնվել քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։

Նրա խոսքով՝ բնակիչների բարձրաձայնած հարցերից մեկը վերաբերում էր այգում գտնվող այն փոքրիկ տարածքին, որտեղ տարեցները շախմատ, նարդի էին խաղում։ Քաղաքապետի հավաստմամբ այդ ավանդույթը կպահպանվի և համապատասխան տարածք կստեղծվի։

 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն անդրադառնալով այգու ծառերի ճակատագրին, հայտնեց, որ իրականացվել է չոր, անկենսունակ 32 ծառի սանիտարական հատում, նրանք, որոնք հնարավոր է եղել փրկել՝ պահպանվել են ։

«Այժմ հաշվարկված և համարակալված են  այգու բոլոր ծառերը։ Պահպանվել է 46-ը։ Հատվել են 32 չորացած ծառեր։ Դրանց մեջ եղել են թեղիներ, որոնք կենսունակության ավարտին մոտ են եղել, մեծ փչակներով, և ենթակա կլինեին քամուց կամ ձյան ժամանակ տապալման»,-ասաց նա՝ հավելելով, որ ամռանը քամուց մի քանի անգամ ծառեր են տապալվել և բարեբախտաբար, քանի որ տարածքը պարսպապատ է, ոչ ոք չի վնասվել։

Ըստ պատասխանատուի՝ այգու կանաչապատման շրջանակներում կտնկվեն 71 խիստ արժեքավոր ծառատեսակներ, ինչպես նաև՝ շուրջ 500 հիմնականում մշտադալար թփեր։

Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արայիկ Քուրդյանի տեղեկատվությամբ՝ այգու վերակառուցումն ու բարեկարգումը բաղկացած է երկու փուլից։

«Ներկայումս մեկնարկած են այգու բարեկարգման, ճեմուղիների, տաղավարի շատրվանների, ատրիումի և մանկական ժամանցի գոտու ձևավորման շինարարական աշխատանքները։ Երկրորդ փուլով իրականացվելու է այգու տարածքում մանկական զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքները, որը լինելու է այգու վերջնամասում՝ որպես առանձնացված հատված»,-ավելացրեց Քուրդյանը՝ նշելով, որ  այգին շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա ամառվա վերջին, իսկ մանկական զարգացման կենտրոնը՝ գալիք տարեվերջին։

  • Կիսվել: