շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային 2-րդ հանդիպումը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ով կարևորել է օրինագծի ներառական քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաներն ընդգծել են, որ շատ մեծ աշխատանք է կատարվել օրինագիծը հեղինակած կառույցի կողմից, իրենց դիտարկումները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել մի շարք կետերի, դրույթների և ձևակերպումների վերաբերյալ:

Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, արձանագրվել են առանձին կետերի շուրջ առաջարկված հստակեցումներն ու ճշգրտումները՝ դրանք լրամշակելու համար։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարգավորվելու են հանրային տեղեկատվության հասանելիությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

 
 
 
 
 
 

  • Կիսվել: