կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անցյալ տարի ՀՀ շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 3 մլրդ, իսկ պետությանը՝ 1.8 մլրդ դրամի վնաս

Անցյալ տարի ՀՀ շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 3 մլրդ, իսկ պետությանը՝ 1.8 մլրդ դրամի վնաս

Անցած տարի հայտնաբերվել և հաշվարկվել է Հայաստանի բնությանը և պետությանը հասցված 5 մլրդ 176 մլն 182 հազար 531 դրամի վնաս:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:

Ընդ որում՝ շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է 3 մլրդ 375 մլն 263 հազար 915, իսկ պետությանը պատճառած վնասը (այն հաշվարկել է ՊԵԿ-ը)՝ 1 մլրդ 800 մլն 918 հազար 616 դրամ: 2022 թվականին վնասի ընդհանուր չափը կազմել է 2 մլրդ 229 մլն 199 հազար 273, իսկ 2021-ին՝ 1 մլրդ 971 մլն 66 հազար 892 դրամ: 

Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե է մուտքագրվել 143 մլն 868 հազար 695 դրամ։ Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է: 2022-ին այդ գումարը կազմել էր 314 մլն 561 հազար 597.8, իսկ 2021-ին՝ 125 մլն 698 հազար 722 դրամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցության շրջանակներում Տեսչական մարմնի կողմից նյութեր են ներկայացվել շուրջ 900 գործի վերաբերյալ: 2022-ին դրանց քանակը եղել էր 661, իսկ 2021-ին՝ 883:

2023 թվականին կայացվել է տնտեսավարողների գործունեության կասեցման 46 (2022-ին՝ 26, 2021-ին՝ 1) որոշում, որից 33 ջրօգտագործման, 10՝ մթնոլորտի պահպանության, 2՝ ընդերքի օգտագործման, 1՝ վտանգավոր թափոնների գործածության մասով:

  • Կիսվել: