շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2025-ից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ. Ջհանյան

2025-ից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ. Ջհանյան

Այսօրվա աշխատաժողովի գլխավոր թեման ոչ միայն լիթիումն է, այլեւ ընդհանրապես ոլորտի զարգացումն է: Այս մասին այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

«Այս նախաձեռնությունը ծնվեց այն ժամանակ, երբ մենք գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչ ուղղություններով ինչ ներուժ ունի այս ոլորտը , որ նպաստի Հայաստանի տնտեսական աճին, ՀՀ ամրապնդմնն ու հզորացմանը: Այդ առումով, պետք է նայենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այսօր այն ներուժը, որով մենք կարող ենք աշխարհում մեր տեղը գրավել, մենք տեսնում ենք կլիմայի փոփոխության խնդրի հետ կապված: Կլիմայի փոփոխությունը երեւի թե ամենակարեւոր խնդիրն է, որ քննարկվում է բոլոր համաժողովներում, բոլոր երկրների կողմից, վերաբերվում է բոլորին:

Քանի որ մեր միությունը բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների միություն է, մենք բիզնես տեսակետից տեսնում ենք, որ այդտեղ մեծ ներուժ կա եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի»,-ասաց նա:

Վարդան Ջհանյանի խոսքով, լիթիումի հիմնական պահանջարկն առաջանում է էներգետիկայի ոլորտում եւ դրա պահանջարկի աճը հիմնականում կապված է էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի աճի հետ:

«Մինչեւ 2040 թվականը կրիտիկական մետաղների պահանջարկն անշեղորեն աճելու է, իսկ ամենաշատը աճելու է լիթիումի պահանջարկը: Առկա լիթիումը չի բավարարելու եղած պահանջարկը բավարարելու համար: Մոտավորապես 2025 թվականից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ, եւ դա խորանալու է: Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ եւ այդ առումով մեծ ներուժ ենք տեսնում: Հայաստանը եւ ունենալով մասնագիտական ներուժ, եւ լինելով հանքարդյունաբերական երկիր, եւ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում լիթիումը այստեղ չի համարվել կարեւոր մետաղ, այսինքն բաց կա լիթիումի հետախուզման ասպարեզում»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: