հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2021թ.-ից գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով. փոխնախարար

2021թ.-ից գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով. փոխնախարար

Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Այս մասին լրագրողների հետ զրւյցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա հայտնեց, որ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է սկսել գույքահարկի համակարգի բարեփոխումները. գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով:

Փոխնախարարը նշեց. «Բարեփոխումն ունի հստակ նպատակ` ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում»:

Փոխնախարարը շեշտեց՝ այս բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտահարկի համահարթ դրույքաչափի ներդրմանը: Պողոսյանը նկատեց` եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ճիշտ կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում:

  • Կիսվել: