երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա

Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա և բոլորի սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական արտոնությունները: 

«Ներկա պահին մենք շարժվում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին օրենքով, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի  մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»,- ներկայացրեց նա: 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Նա տեղեկացրեց՝ վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով: Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

  • Կիսվել: