շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

Մարտի 22-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (ՍԻԳՄԱ)  ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի հետ համատեղ:

ՍԻԳՄԱ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: 12 մլն շվեյցարական ֆրանկ  արժողությամբ (եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում) այս ծրագիրն առաջնահերթ կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը: Ծրագրի տևողությունն է տասը տարի:

ՍԻԳՄԱ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ այդ թվում փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից՝ այդ թվում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև միջազգային և տեղական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

ՍԻԳՄԱ ծրագիրը միտված է ապահովելու ավելի բարձր եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր թիրախային մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների, փոքր ագրոբիզնեսների և զբոսաշրջային ձեռնարկությունների համար: Սա հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացման միջոցով, որոնք եկամտի կարևոր աղբյուր են այդ բնակավայրերում: Կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվում հանրային և մասնավոր հատվածների տարբեր դերակատարների հետ: ՍԻԳՄԱ-ն նպաստում է նաև ֆերմերների, գյուղական փոքր ձեռնարկությունների և կայացած մասնավոր ընկերությունների՝ «կատալիստների» միջև գործակցության հաստատմանը` կիրառելով  «շուկայական համակարգերի զարգացում» մոտեցումը: Այս մոտեցման շրջանակներում ծրագիրը «կատալիստների» հետ համատեղ ներդրումներ կիրականացնի գյուղատնտեսության և զբոսաշրջության առանցքային շուկայական համակարգերում:

Գյուղատնտեսության առանցքային շուկայական համակարգերն են ոռոգումը, գյուղատնտեսական մեխանիզացիան,  ագրեգացիան և վերամշակումը, սերմերն ու տնկիները,  մեղվաբուծության զարգացման ծառայություններն ու ագրոտեխնոլոգիաները, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ զբոսաշրջային բիզնեսների ինկուբացիան, զբոսաշրջային պրոդուկտները, գրավչություններն ու փորձառությունները, ինչպես նաև համագործակցությունը միջազգային օպերատորների հետ: Ներդրումների արդյունքում կստեղծվեն նորարարական ծառայություններ, որոնք առաջնահերթ կնպաստեն ծրագրի կողմից նախանշված թիրախային շուկայական համակարգերի զարգացմանը: Գյուղատնտեսության ոլորտում դրանք են հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, բանջարեղենի արտադրությունն ու մեղվաբուծությունը, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ գյուղական, մշակութային, փորձառնական զբոսաշրջությունն ու էկոտուրիզմը:  Օգտվելով մշակված ծառայություններից՝ գյուղական ձեռնարկություններն ու ֆերմերները կբարելավեն իրենց արտադրողականությունը, կմեծացնեն եկամուտները և կկարողանան մուտք գործել ընդլայնված շուկաներ ավելի բարձր արժեք ունեցող արտադրանքով, իսկ «կատալիստները» եկամտի նոր աղբյուրներ ձեռք կբերեն այս ծառայությունների շարունակական մատուցման միջոցով: 

Հայաստանի լեռնային գյուղական բնակավայրերում կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ՍԻԳՄԱ-ն առաջնահերթ կարևորում է կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների տնտեսական ներգրավածությունը ծրագրում:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլի (2023-2026 թթ.) շրջանակներում ավելի քան 3400, իսկ մինչև 2028 թ.-ը՝ ավելի քան 4000 տնային տնտեսություններ և փոքր զբոսաշրջային ընկերություններ կբարելավեն եկամուտները, կունենան նոր/ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ օգտվելով ծրագրի շրջանակներոմ ստեղծված հնարավորություններից: Նախատեսվում է, որ հետագայում ծրագիրը կընդլայնի իր գործունեության աշխարհագրությունը՝ կիրառելով մշակված լուծումները նաև Հայաստանի մյուս մարզերի լեռնային գյուղական բնակավայրերում:   

  • Կիսվել: