կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանոթյունների ղեկավարած պետությունը. Օհանյան

Պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանոթյունների ղեկավարած պետությունը. Օհանյան

Բանակի օրն այլ պայմաններում ենք տոնում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մենք գտնվում ենք հուսահատության մեջ։ Այս մասին այսօր Եռաբլուրում րագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է այսօր գնահատել բանակի վիճակը։ Այսօրվա իշխանությունները պարտավոր էին պատերազմից հետո ամբողջ թափով վերականգնել բանակի մարտական կարողությունները։ Բայց ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան կատարել են, արել են ուշացումով ու թերացումներով։ Որքան էլ դժվար լինի՝ հայկական բանակի հրամանատարներն ու զինվորները բոլոր փուլերում էլ մարտնչել են, ու Եռաբլուրը դրա առհավատչյան է՛՛:

Ըստ Օհանյանի՝ բանակն այն կառույցն է, որ կարճ ժամանակահատվածում արագորեն կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։

՛՛Մեր բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին՛՛,-նշեց պաշտպանության նախկին նախարարը:

Նա կարծիք հայտնեց, թե 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը պառակտվածությունն էր:

՛՛Ընդ որում՝ պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանոթյունների ղեկավարած պետությունը՛՛,-ասաց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: