ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ORSIS-ի գործով հետաքննություն (մաս 2). Ի՞նչ ցույց տվեցին ՀՀ ՊՆ-ին ընկերության կողմից առաջարկված ջերմատեսիլ սարքերի փորձարկման արդյունքները (Ֆոտո, վիդեո)

ORSIS-ի գործով հետաքննություն (մաս 2). Ի՞նչ ցույց տվեցին ՀՀ ՊՆ-ին ընկերության կողմից առաջարկված ջերմատեսիլ սարքերի փորձարկման արդյունքները (Ֆոտո, վիդեո)

InfoPort.am-ը շարունակում է ռուսական ORSIS զենք մատակարարող ընկերության մասնակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության տապալված մրցույթի շուրջ իր հետաքննությունը։

Ինչպես խոստացել էինք մեր նախորդ հոդվածում, այսօր մենք կներկայացնենք մեր մոսկովյան թղթակցի և մի շարք ռազմական փորձագետների կողմից անցկացված Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ նշանոցի գործնական փորձարկման արդյունքները։ Նշենք, որ Dedal-T2.380 Venator-ը ORSIS-ի կողմից ՀՀ ՊՆ-ին առաջարկվող HUNTER նշանոցի արդիականացված տարբերակն է։

Եվ այսպես, սկզբի համար մենք տեղադրեցինք Dedal-T2.380 Venator նշանոցը 7,62 մմ տրամաչափի «Вепрь» որսորդական հրացանի վրա: Նշենք, որ փորձարկումն անցնում է բաց դաշտում, երեկոյան ՝ զրոյից 5-6 աստիճան ցածր ջերմաստիճանի պայմաններում: Չնայած երեկոյան ժամի՝ տարածքը լավ լուսավորված է։ Մասնագետների պնդմամբ ՝ այդ սարքերի փորձարկումը կարելի է անցկացնել ոչ միայն օրվա մութ ժամերին, այլև ցերեկը։ Ջերմատեսիլ սարքի փորձարկման համար անհրաժեշտ է ունենալ տաք առարկա, որի փախարեն մենք օգտագործեցինք տաք ջրով լի շշեր: Թիրախը գտնվում էր 350 մետր հեռավորության վրա։ Մեր փորձարկմանը մասնակցող որսորդը նման սարքերի օգտագործման մեծ փորձ ուներ։ Նրա պնդմամբ ՝ նման սարքերի օգնությամբ կարելի է բավականին հստակ նշանակետ բռնել և դիպուկ կրակել թիրախին։

Վերոնշյալ տեսանյութից երևում է, որ փորձագետն իրականացնում է մի քանի փորձնական կրակոց և պնդում, որ նշանակետը շտկված է և կարելի է համարձակ սկսել փորձարկմումը: Փորձարկման պահին սկսում է մթնել, եւ սարքը ավելի լավ է ցույց տալիս թիրախը, գոնե մեր թղթակցի մոտ նման տպավորություն է ստեղծվում: Փորձարկմանը, բացի փորձառու որսորդներից, որոշվում է մասնակցել նաեւ մեր թղթակիցը ՝ ժամանակավորապես գրիչը փոխարինելով որսորդական հրացանով: Սակայն փորձը այս անգամ դառնում է փորձություն, պարզվում է՝ մեր թղթակիցը այնքան էլ հմուտ հրաձիգ չէ՝ տասը կրակոցից միայն մեկն է կպնում նշանակետին: Փորձագետների մոտ ավելի լավ է ստացվում, նրանք թիրախը խոցում են երկու-երեք կրակոցից։

Այս ջերմացուցիչի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մթնշաղում, երբ արդեն 10 մետր հեռավորության վրա գրեթե ոչինչ չի երևում, տվյալ սարքի օգնությամբ կարելի է տեսնել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող շիշը: Սակայն շուտով մեր փորձագետներն էլ են սկսում հաճախ վրիպել։ Իրավիճակը քննարկեկլիս՝ ոմանք պնդում էին, որ դրա պատճառը հրացանի տաքանալն է, մյուսները՝ ջերմատեսիլ սարքի։

Ստեղծված իրավիճակում մեր մոսկովյան թղթակիցը հիշեց ORSIS-ի հետ միասնական ռազմական հոլդինգի մեջ մտնող Dedal ընկերության փորձագետ՝ Կ․Մ․-ի (ամբողջական անունը չենք նշում մեր զրուցակցի խնդրանքով) խոսքերը։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հոդվածում, մեջբերելով փորձագետի խոսքերը, նշել էինք, որ Dedal-T2.380 Venator ջերմացուցիչները որոշակի տեխնիկական խնդիրներ ունեն կորպուսների մետաղական և ոչ մետաղական մասերի միացությունների հատվածում:

Բանն այն է, որ երեքժամյա փորձարկումների ընթացքում ջերմաստիճանը հասցրել էր նվազել մինչեւ 10-12 աստիճան։ Մինչդեռ, նշանոցի թիրախը շտկվել էր այլ ջերմաստիճանի պայմաններում։ Փաստորեն ջերմաստիճանի տատանումների պայմաններում սարքը սկսում է ավելի հաճախ վրիպել։ Մեր փորձագետները նորից փորձեցին շտկել նշանոցը, բայց այդ պահին տեղի ունեցավ անսպասելին՝ սարքը անջատվեց և այլևս չմիացավ։ Իհարկե, դա լավագույնս չազդեց փարձարկման մասնակիցների տրամադրության վրա։ Մեր թղթակիցը ստիպված էր սարքի հետ միասին նորից ճանապարհ բռնել դեպի ծանոթ փորձագետը, ով, լսելով նրա բողոքները, հիշեցրեց իր նախազգուշացումների մասին, բայց և խորհուրդ տվեց առանձնապես չհուսահատվել, որովհետև սարքը դեռ երաշխիքի մեջ էր և այն կարելի էր վերանորոգել, այսպես ասած, "գանձանակի հաշվին":

Հիշեցնենք, որ InfoPort.am-ը սեփական հետաքննությունն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական ORSIS զինագործական ընկերության չկայացած մրցույթի խճճված պատմության շուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը անմիջականորեն վերաբերվում է հայ զինվորների կյանքին և անվտանգությանը։

Ավելի վաղ մենք արդեն գրել էինք, որ ռուսական մատակարարը մեղադրել է հայկական պաշտպանական գերատեսչությանը մրցույթը չհիմնավորված խափանելու մեջ, ինչին ՀՀ ՊՆ-ն հակադարձել էր՝ հայտարարելով, որ ORSIS-ը մրցույթին չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց առ այն, որ տենդերը խափանվել է այն պատճառով, որ ORSIS-ը փորձել է ՀՀ ՊՆ-ին ռազմական ջերմատեսիլ սարքերի փոխարեն որսորդական անալոգները վաճառել, այն էլ շուկայականից ավելի բարձր գներով։

Ըստ ԶԼՄ - ների, մինչեւ վերջերս այդ գործարքները հովանավորել են ՀՀ ԶՈՒ երկու գնդապետներ՝ Գեւորգ Մանուկյանն ու Արթուր Գալստյանը, որոնք ժամանակին հիմնադրել են ORSIS-ի հայկական ֆիլիալը։ Սակայն վերջին սկանդալային պատմությունից հետո նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում, իրենց բաժնեմասերը փոխանցելով այլ սեփականատերերի: Հատկանշական է, որ մինչ այժմ Մանուկյանն ու Գալստյանը շարունակում են ծառայել ՀՀ զինված ուժերում։

InfoPort.am-ը իր առաջին հետաքննությունում ներկայացրել էր ORSIS - ի հետ միասնական ռազմական կոնցեռնի մեջ մտնող Dedal ընկերության փորձագետի կարծիքը Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ նշանոցի վերաբերյալ, որը Hunter-ի արդիականացված տարբերակն է։ Հիշեցնենք ORSIS-ը հենց Hunter էր փորձել է իրացնել ՀՀ պաշտպանության նախարարության վրա: Մեր զրուցակիցը հայտարարել էր, որ ռուսական բանակը չի օգտագործում այդ սարքերը ոչ մարտական, ոչ էլ որևէ այլ նպատակներով։ Եվ ընդհանրապես, ըստ նրա, այդ սարքերը նախատեսված են բացառապես որսորդական նպատակներով օգտագործելու համար։

Եվ այսպես... ի՞նչ հետևություններ կարելի է անել մեր երկու հետաքննությունների արդյունքում. նախ այն, որ Hunter-ը ոչ մի կերպ պիտանի չի մարտական նպատակներով օգտագործելու համար (այդ մասին են վկայում ինչպես Dedal ընկերության փորձագետի խոսքերը, այնպես էլ մեր գործնական փորձարկման արդյունքները)։ Նման ջերմատեսիլ սարքերը չեն օգտագործվում ժամանակակից բանակներում։ Այս նշանոցները, չնայած որսորդական նպատակներով օգտագործելու համար ընդհանուր առմամբ դրական բնութագրերին, այնուամենայնիվ ունեն իրենց թերությունները (ինչպես արդեն նշել էինք, մեջբերելով փորձագետի և որսորդական ֆորումների մասնակիցների խոսքերը, դրանց մոտ մետաղական եւ ոչ մետաղական մասերի միացման հատվածում հաճախակի խնդիրներ են առաջանում): Այս ամենը հաշվի առնելով ՝ կարելի է եզրակացնել, որ այդ ջերմատեսիլ նշանոցների կիրառումը հայկական զինված ուժերում կարող էր վտանգել դրանք օգտագործող զինվորների կյանքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: