ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որսորդական սարքավորումներ ռազմականի փոխարե՞ն․ ինչ հետևանքներ կունենար ORSIS-ի հետ գործարքը ՀՀ ԶՈՒ-ի համար՝ InfoPort-ի մոսկովյան հետաքննությունը

Որսորդական սարքավորումներ ռազմականի փոխարե՞ն․ ինչ հետևանքներ կունենար ORSIS-ի հետ գործարքը ՀՀ ԶՈՒ-ի համար՝ InfoPort-ի մոսկովյան հետաքննությունը

Ռուսական ORSIS զենք մատակարարող ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև չեղարկված մրցույթի շուրջ սկանդալին, կողմերի բացատրություններին և փաստարկներին InfoPort-ը անդրադարձել է արդեն իր նախկին նյութերում՝ խոստանալով այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել ազգային անվտանգության նշանակության այս գործը:
 
Միմյանց նկատմամբ շարունակվող դատական հայցերի ու մեղադրանքների ֆոնին InfoPort-ը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել և հասկանալ, թե ով է այս խճճված պատմության մեջ ճիշտ, ով մեղավոր, չէ որ հարցը անմիջականորեն առնչվում է հայ զինվորների կյանքին և անվտանգությանը։
 
Ավելի վաղ, հղում անելով ինֆորմացված աղբյուրներին, մենք արդեն գրել էինք, որ մրցույթի ձախողման իրական պատճառը եղել է այն, որ ORSIS-ը մարտական ջերմատեսիլ նշանառության սարքերի փոխարեն փորձել է հայկական կողմին մատակարարել այդ սարքերի որսորդական անալոգները՝ HUNTER-ը շուկայականից շատ ավելի բարձր գներով: Հասկանալու համար, թե ինչ սարքեր են դրանք, որքանով են դրանց պարամետրերը տարբերվում մարտական անալոգներից և ինչ հետևանքներ կարող էր ունենալ դրանց օգտագործումը մարտական նպատակներով մեր մոսկովյան թղթակիցը շրջեց մի քանի մասնագիտացված խանութներով՝ սեփական հետաքննությունը անց կացնելու նպատակով: Եվ այսպես...մոսկովյան մասնագիտացված խանութներում Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ սարքերը, որոնք HUNTER-ի արդիականացված անալոգներն են, արժեն 330.000 ռուբլի։ Նշենք, որ HUNTER-ն արդեն համարվում է հնացած մոդել և չի վաճառվում ռուսական մասնագիտացված խանութներում, կամ դրանք կարելի է գտնել շատ հազվադեպ։ Այդ իսկ պատճառով մենք ուսումնասիրեցինք դրա արդիականացված անալոգը: Նման սարքերի վրա հեռաչափերը համարվում են լրացուցիչ օպցիա, սակայն գինը զգալիորեն բարձրացնում են:
 
 
Ինչպես InfoPort-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել Է ORSIS-ի հետ միևնույն ռազմական հոլդինգի մեջ մտնող Dedal ընկերության մոսկովյան գրասենյակի փորձագետ Կ.Մ.-ն (ամբողջական անունը չենք նշում զրուցակցի խնդրանքով), այդ երկու սարքերը՝ Hunter-ը և Dedal-T2. 380 Venator-ը ըստ պարամետրերի և գնի անալոգներ են: Փորձագետի խոսքով ՝ այդ սարքերի ամենակարևոր պարամետրը պիքսելներն են՝ երկուսի դեպքում էլ դրանք կազմում են 388x288։ 
 
 
Նշենք, որ ընկերությունն արտադրում է նաեւ այդ սարքերի ավելի հզոր անալոգները ՝ Venator 640-ը 640x480 պիքսելով, որոնք արժեն 450.000 ռուբլի։ Սակայն մեր զրուցակիցը մեզ խորհուրդ տվեց չշտապել և այդ սարքերը ձեռք բերել ոչ թե մասնագիտացված խանութից, այլ օրինակ ВДНХ-ի ռազմական տաղավարներից մեկից։ Այսպիսով նա մեզ օգնեց զգալիորեն տնտեսել մեր գումարը և, օրինակ, Dedal-T2.380 Venator սարքը ձեռք բերել 330.000 փոխարեն 280.800 ռուբլով (4000 դոլարից մի փոքր ավելի)։
 
 
Իսկ հիմա այս գները համեմատենք ՊՆ-ին ORSIS-ի մրցութային առաջարկում ներկայացված գների հետ։ ԶԼՄ-ներում տեղ գտած «արտահոսքի» համաձայն ՝ ռուսական ընկերությունը, որպես մրցութային առաջարկ յուրաքանչյուր սարքի համար պահանջել է 2 մլն դրամ, այսինքն ՝ ավելի քան 4 հազար դոլարը։ Սակայն, ըստ մրցութային ընդունված կանոնների ու ստանդարտների, մեծածախ առաջարկի դեպքում ապրանքի գինը պետք է զգալիորեն ավելի ցածր լինի մանրածախ գնից։ Այսքանը ORSIS-ի մրցութային հայտի գնային չափորոշիչների մասին։
 
Այժմ փորձենք վերլուծել ORSIS-ի առաջարկի մասնագիտական չափանիշները, հասկանալ, թե որքանով է HUNTER-ը համապատասխանում ռազմական նշանակության պահանջներին։
 
 
Ինչպես հավաստիացրեց մեր զրուցակիցը, HUNTER սարքերը, ինչպես հուշում է նրանց անվանումը, նախատեսված են զուտ որսորդական նպատակներով օգտագործելու համար, եւ ոչ մի կերպ չեն համապատասխանում ռազմական նշանակության պահանջներին։ Օրինակ, ռուսական բանակում նման սարքերը երբեք չեն օգտագործվել մարտական եւ այլ խնդիրների լուծման համար։ Ավելին, ըստ փորձագետի, Dedal-T4.642 Pro սարքերը, որոնք իրենց օպցիոնալ հնարավորություններով գերազանցում են HUNTER-ին, եւ արժեն, համապատասխանաբար, ավելի թանկ, մի քանի անգամ ներկայացվել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մրցույթներում, բայց երբեք չեն հաղթել:
 
 
Մեր զրուցակիցը անկեղծացավ, որ իրենց ընկերությունը միշտ շեշտադրումը կատարել է որսորդական շուկայի վրա, որի համար իրենց սարքերը միգուցե վատը չեն, սակայն ռազմական տեսանկյունից դրանք կիրառելը աննպատակահարմար է: Իրենց գնային կատեգորիայի մեջ այդ որսորդական սարքերը բավական մրցունակ են, հիմնականում անխափան աշխատում են և կարող են բավարար արդյունքներ ցույց տալ մինչեւ 300-400 մ հեռավորության վրա: Սակայն դրանք մարտական անալոգներին զիջում են կորպուսի և ներքին դետալների ամրությամբ, ջերմամեկուսացման և ջրամեկուսացման մակարդակով։ Որսորդական սարքերը չեն կարող կիրառվել մարտական պայմաններում։
 
 
Մենք ծանոթացանք նաև ռուսական որսորդական ֆորումների հրապարակումներին։ Գնորդները հիմնականում գոհ են այդ սարքերից։ Սակայն նշվում է նաև մի շարք թերությունների մասին։ Մասնավորապես, խոսքը բարձր ջերմաստիճանի պայմաններում մետաղական և ոչ մետաղական մասերի միացություններում առաջացող խնդիրների մասին է։
 
Ինչպես նշեց Կ. Մ.ն, մինչև արևմտյան պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ, իրենց ընկերությունը ներմուծել է որակյալ արտասահմանյան օպտիկա շուկայի առաջատար ամերիկյան եւ ֆրանսիական ընկերություններից, իսկ ծրագրային և այլ լուծումները իրականացրել արդեն տեղում։ Սակայն պատժամիջոցների կիրառումից հետո նրանք ստիպված են ներմուծել շատ ավելի ցածր որակական չափանիշներով չինական սարքեր։
 
Եվ այսպես... Ի՞նչ ցույց տվեցին մեր հետաքննության արդյունքները․ հայկական բանակին փորձել են մատակարարել որակական և նպատակային չափանիշներին չհամապատասխանող սարքեր, որոնք չեն օգտագործվում արտադրող երկրի ԶՈՒ-ում։ Նման գործարքի իրականացումը, ըստ մեր հետաքննության արդյունքների, կարող էր վտանգել այդ սարքերը մարտական նպատակներով օգտագործող զինվորների կյանքը։
 
Ինչպես InfoPort.am-ին հայտնի է դարձել պաշտպանական շրջանակներում իրազեկ աղբյուրներից, հենց այդ փաստաթղթերն է պահանջել և չի ստացել ՀՀ Պաշտպանության նախարարությունը մատակարար ընկերությունից մինչև հայտարարված մրցույթի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում, մասնավորապես, փորձել են հասկանալ արդյոք այդ ընկերությունը նմանատիպ սարքեր մատակարարել է այլ պետությունների ԶՈՒ-ին մարտական խնդիրներ իրականացնելու համար։ Սակայն ընկերությունը այդ փաստաթղթերը այդպես էլ չի ներկայացրել նախարարությանը։
 
Նշենք, որ մեր թղթակիցը ռազմական փորձագետների աջակցությամբ իրականացրել է նաև Dedal-T2.380 Venator սարքի գործնական փորձարկումը, առավել ևս, որ այս օրերին Մոսկվայում արձանագրվել է ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչն ավելի հարմար կլիմայական պայմաններ է ստեղծում նման փորձարկումների համար: Փորձարկման արդյունքների մասին կտեղեկացնենք մեր հաջորդ հրապարակումներում։
 
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ռուսական ORSIS զինագործական ընկերությունը ՀՀ ՊՆ-ին մեղադրել էր իր մասնակցությամբ մրցույթը անհիմն խափանելու մեջ։ Գործը հասել էր դատարան։ ՀՀ ՊՆ-ն այս կապակցությամբ պարզաբանել է, որ մրցույթը չի կայացել որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Սակայն, ըստ այդ նույն ժամանակահատվածում ԶԼՄ-ներում տարածված արտահոսքի, մրցույթը տեղի չի ունեցել ռուսական ընկերության կողմից ՀՀ ԶՈՒ-ին մարտական նպատակներին չհամապատասխանող որսորդական սարքավորումներ առաջարկելու պատճառով, այն էլ շուկայականից շատ ավելի բարձր գներով։
 
Ըստ ԶԼՄ-ների, այդ բոլոր գործարքների հետևում կանգնած են երկու հայ գնդապետներ՝ Գևորգ Մանուկյանն ու Արթուր Գալստյանը, ովքեր ժամանակին հիմնադրել են ORSIS-ի հայկական մասնաճյուղը ու, պաշտոնական դիրքն օգտագործելով, առաջ տարել տարբեր գործարքներ: Սակայն վերջին աղմկահարույց պատմությունից հետո նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում, եւ նրանց բաժնեմասերը անցել են այլ սեփականատերերի: Հատկանշական է, որ մինչ այժմ Մանուկյանն ու Գալստյանը շարունակում են ծառայել ՀՀ զինված ուժերում։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: