կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կարող է մատակարարել. Այդպիսին է մեր կոցեպտը. Քոչարյան

Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կարող է մատակարարել. Այդպիսին է մեր կոցեպտը. Քոչարյան

Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կարող է մատակարարել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ այս օրերին հարձակողական զենքեր ոչ մեկ ոչ մեկին չի տրամադրի. «Որովհետև հարձակողական զենքերը ռազմական այլ կոնցեպտ են թելադրում, իսկ մեր ռազմական կոնցեպտը իր մեջ առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություն»,– ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։

«Պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։

  • Կիսվել: