կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիական զինատեսակներն ինչպիսի՞ ներդաշնակությամբ են  գործելու մեր ունեցած համակարգերի հետ. Տիգրան Աբրահամյան

Ֆրանսիական զինատեսակներն ինչպիսի՞ ներդաշնակությամբ են գործելու մեր ունեցած համակարգերի հետ. Տիգրան Աբրահամյան

Դրանք, իհարկե, ժամանակակից զինատեսակներ են, խնդիրն այն է, որ հարկավոր է հասկանալ, թե մեր ունեցած մնացած համակարգերի հետ ֆրանսիական նոր զինատեսակներն ինչպիսի՞ ներդաշնակությամբ են գործելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Ֆրանսիայից ներկրված զենքն արդյո՞ք կարող է բարձրացնել մեր բանակի մարտունակությունը:

Նրա խոսքով, ռադարները և հակաօդային պաշտպանության համակարգերը հիմնականում տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխկապակցված են գործում, առաձին գործելը կարող է որևէ ձևով էֆեկտիվություն չապահովել: Այդ պատճառով, հարկավոր է հասկանալ, թե նոր զինատեսակներն ինչպիսի ներդաշնակությամբ են գործելու այլ համակարգերի հետ:

Անդրադառնալով Ադրբեջանական կողմի տարածած հայտարարություններին, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը կեղծ հայտարարություններ է տարածում, որպեսզի կարողանա իր հետագա գործողությունները որակել որպես կանխարգելիչ, զսպիչ կամ իրավիճակից ելնող:

«Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է, չնայած Մյունխենում տեղի են ունեցել հանդիպումներ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, դրանից հետո հանձնարարություն է տրվել Արտաքին գործերի նախարարներին՝ շարունակելու հանդիպումները, բայց իրականության մեջ դրական լուրջ դինամիկա այս գործընթացում չկա և, բնականաբար, չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների և այդ ճանապարհին փորձելու է պատասխանատվությունը Հայաստանի վրա ուղղել»,-պարզաբանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Նրա խոսքով, պատահական չէ նաև այն, որ Ադրբեջանը բավական սուր է արձագանքում Ֆրանսիայից հնչող քաղաքական հայտարարություններին և ֆրանսիայից ներկրվող զինատեսակների մասին տեղեկություններին:

«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Ֆրանսիայի անունը, նա փորձում է ցույց տալ, որ ագրեսիայի հետևում, որն իբրև թե Հայաստանն իրականացնում է, Ֆրանսիան է կանգնած»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

  • Կիսվել: