կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի ՀԱՖՆ-ի կատարմամբ

«Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի ՀԱՖՆ-ի կատարմամբ

Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նոյեմբերի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա օպերայի համերգային կատարումը:

Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո); Մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր):

Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

«Պարահանդես-դիմակահանդես» օպերայի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նա Մոսկվայի Մեծ թատրոնում քանիցս ղեկավարել է «Պարահանդես-դիմակահանդես» օպերան՝ հայտնի ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ, և մեծ փափագով սպասում է օպերան հայրենիքում ներկայացնելուն: Թոփչյանը Մեծ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչչինիի «Տոսկա» և Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերաները:

Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է:

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859 թվականի փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում:

  • Կիսվել: