Հայկ Մելիքյանի մենահամերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կմեկնարկի խաչատրյանական տարին
ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես կգա համերգով, որով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կմեկնարկի խաչատրյանական տարին:
Ծրագիրը ներառում է խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։
Համերգային երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
«Խաչատրյանը մի ամբողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ամբողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս՝ պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։ Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,- ասել է Հայկ Մելիքյանը։