կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝  նախկին ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծարման մասին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ նախկին ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծարման մասին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից մի քանի լրատվականներին տված հարցազրույցներից հետո Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հանրային և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավարությունը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր և հարցումներ։ Ինչին ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ նախկին ռեկտորը բուհի բարձրագույն ղեկավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու որոշումը կապում է իր պաշտոնավարման ընթացքում «իրականացրած բարեփոխումների» հետ, ուստի տեղեկացնում ենք, որ նախկին ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք են հանդիսացել՝

1. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի միջև կնքված պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, Հոգաբարձուների խորհրդի հանձնարարականը պատշաճ չկատարելը և խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, ինչի համար Դավիթ Խիթարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։

2. Դավիթ Խիթարյանի կողմից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի անշարժ և շարժական գույքի տնօրինումը օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը, ինչի պատճառով նախկին ռեկտորի նկատմամբ կրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։

Հոգաբարձուների խորհրդի կողմից հիմք են ընդունվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ վերոհիշյալ երկու կարգապահական տույժերի՝ «նկատողություն» և «խիստ նկատողություն», կիրառելու մասին որոշումները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը և նախկին ռեկտորի հետ 2024 թվականի հունվարի 3–ից լուծվել է աշխատանքային պայմանագիրը։

Հոգաբարձուների խորհուրդը, լինելով բուհի բարձրագույն կառավարման մարմին, իր բոլոր որոշումները կայացրել է կոլեգիալության սկզբունքով՝ քվեարկությամբ։ Վերոհիշյալ բոլոր որոշումները Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ընդունվել են 2023 թվականի դեկտեմբերի 28–ի նիստի ընթացքում՝ միաձայն։

Նիստի արձանագրությունը, վերոհիշյալ որոշումները, ինչպես նաև Տիգրան Սիմոնյանին՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու մասին որոշումը տեղադրված են մեր ինստիտուտի www.sported.am կայքում»։

  • Կիսվել: