շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչական ձերբակալման ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ ՆԳՆ-ի պարզաբանումը՝ Արցախի քաղաքացուն ծեծելու լուրերի մասին

Վարչական ձերբակալման ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ ՆԳՆ-ի պարզաբանումը՝ Արցախի քաղաքացուն ծեծելու լուրերի մասին

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տաշիր քաղաքի ռազմական ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արցախի քաղաքացի Ժորա Սաֆարյանին, որի մոտ գտնվել է Արցախի Պաշտպանության բանակի համարանիշերով մեքենա։ Իրավապահները նախաձեռնել են այն առգրավելու գործընթաց, սակայն Ժորա Սաֆարյանը հրաժարավել է իր մեքենան հանձնել, որից հետո վիճաբանություն է սկսվել ու քաղաքացուն ծեծել են, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դեպքը, սակայն, պնդեցին, որ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է՝ վարչական ձերբակալում կատարելու պահին։

ՆԳՆ-ից նշել են, թե ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթացում ՆԳ նախարարությունը որևէ գործառույթ չի իրականացնում, իսկ ինչ վերաբերում է դեպքին, ապա ՆԳՆ փոխանցմամբ՝ մարտի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները Մեծավան գյուղի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ուրալ» մակնիշի մի ավտոմեքենա։

«Պարզվել է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված համարանիշերով, որոնք չէին համապատասխանում մեքենայի նույնականացման համարին։ Ավտոմեքենան տեղափոխվել է Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մարտի 13-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները նկատել են, որ նշված ավտոմեքենայի վարորդն ու մի տղամարդ բացել են պահպանության տակ գտնվող «Ուրալի» շարժիչի ծածկոցը և գործիքով ինչ-որ աշխատանք են կատարում։ Ոստիկանները մոտեցել, ներկայացել են և հայտնել, որ մեքենան գտնվում է պահպանության տակ և առանց թույլտվության այդտեղ գտնվել չի կարելի։ Ոստիկանության ծառայողները պահանջել են դադարեցնել աշխատանքը, սակայն տղամարդիկ ոստիկանների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են նրանց։ Օրինական պահանջը չկատարելու, ինչպես նաև ոստիկանների օրինական գործողություններին միջամտելու համար վարչական ձերբակալում կատարելու պահին մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- նշեցին կառույցից։

  • Կիսվել: