շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյան (տեսանյութ)

Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյան (տեսանյութ)

Մտածում ենք, որ ովքեր Հայաստանում են հիմնական բնակվելու, ամեն ինչ անենք, որ բնակարան ունենան: Մենք պատրաստ ենք աջակցել սեփականության իրավունքով տուն ունենալուն՝ ընդ որում կառավարության զգալի աջակցությամբ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին, թե 100 հազար մարդու հիմնական կեցությունն ապահովելու համար ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք երբ այս 6-ամսյա ժամկետում երկարաժամկետ վարձակալության աջակցության ծրագիրն էինք մշակում՝ 40+10 հազարական դրամների ծրագիրը, դա անում էինք մի բանի համար, որպեսզի մարդիկ ընտրեն իրենց բնակության վայրը, և որոշեն՝ արդյո՞ք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Կենսականորեն իրենց կյանքը Հայաստանի հետ կապելը մեզ և իրենց համար նշանակում է այն, որ իրենք պետք է որոշեն քաղաքացիության փաստը, մենք պատրաստ ենք կառավարության շատ զգալի աջակցությամբ սեփականության իրավունքով տուն ունենալու հետ կապված անցնել ճանապարհ։

Մենք ասում ենք, որ եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյու անդամի թվով, որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։ Սա մենք կարող ենք անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակը կընդլայնենք, որոնք կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավել, քան բազայի դեպքում»:

Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ընտանիքը հնարավորություն ունենա բնակարան ունենալու, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում:

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն դրամ գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար: Սակայն մեք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք:

Առաջին փուլով մտածում ենք այն ընտանիքների մասին, որոնք ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ: Մենք առաջին տարվա ընթացքում կօգնենք նշածս ընտանիքներին, բայց Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ սպասելու ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: