երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000-ն արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն․ Արմեն Ղազարյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000-ն արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն․ Արմեն Ղազարյան

«Արդեն 1500-ից ավելի քաղաքացիություններ ստանալու դիմումներ ունենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներից, շուրջ 1000-ն արդեն ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն»,-  այս մասին Factor.am-ի հետ զրուցում նշել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով, քաղաքացիություն ստանալու գործընթացում որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս․ «Խնդիրներ կարող են լինել փաստաթղթերի առկայության մասով, կարող են կորցրած լինել օրինակ՝ ծննդականը, որովհետև ծննդականը պարտադիր փաստաթուղթ է քաղաքացիության դիմումի համար։ Այս հարցով համագործակցում ենք Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գրասենյակի գործընկերների հետ։ Նրանք վերականգնում են փաստաթղթերը, որի հիման վրա կարողանում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- նշեց նա։ 

Հարցին, արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը շատ է, թե քիչ նա պատասխանեց․ «Դա անձանց կամարտահայտության դրսևոումն է, այս պահի դրությամբ այդքան անձ է ճիշտ համարել ՀՀ քաղաքացիություն ստանալ»։ 

Լրագրողի հարցին, թե, ըստ տվյալների՝ 11 հազար արցախցի լքել է Հայաստանը, ինչպես Միգրացիայի և  քաղաքացիության ծառայության պետը կմեկնաբանի այս թվերը, Ղազարյանը նշեց, որ տվյալները ներկայացնում է ԱԱԾ-ն ու ինքն այդ հարցում որևէ մեկնաբանություն տալ չի կարող։

  • Կիսվել: