շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 11 800 մարդ աշխատանքի է ընդունվել Հայաստանում. վարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 11 800 մարդ աշխատանքի է ընդունվել Հայաստանում. վարչապետ

Այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված բավականին թվով մեր քույրեր ու եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Վերջին մեր տվյալների համաձայն նրանց թիվը 10 հազարը գերազանցում է, 11 800-ից ավելի մարդ աշխատանքի է ընդունվել: Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ արցախցի երեխաների ճնշող մեծամասնությունը դպրոցներում են:

«Շուրջ 17 հազար երեխայի մասին է խոսքը եւ մենք նաեւ միգրացիոն ծառայության հետ անհրաժեշտ ճշտումներն ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռեւս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենա: Մենք նաեւ ամբողջությամբ հոգացել ենք բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը եւ արդեն փոխհատուցել ենք այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ արդեն 320-ից ավելի արցախցի ուսուցիչներ աշխատանքի են անցել մարզերում:

«Նաեւ այդ ծրագրից դուրս դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»,-նշեց նա:

 

  • Կիսվել: