շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը բարձրաձայնում է Ադրբեջանում հայկական ժառանգության պահպանման հարցը միջազգային հարթակ տեղափոխելու անհրաժեշտությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը բարձրաձայնում է Ադրբեջանում հայկական ժառանգության պահպանման հարցը միջազգային հարթակ տեղափոխելու անհրաժեշտությունը

Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներից մեկում կայացավ «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցությամբ։ Ցուցադրությունում ներկայացված է պատմական Հայաստանի կորուսյալ տարածքներից՝ Նախիջևանի, Գարդմանի և Շիրվանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող մի մեծարժեք ընտրանի, այդ թվում՝ պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ իրենք տվյալ ցուցադրությամբ նպատակ են հետապնդում ներկայացնել հայկական տարածքների պատմամշակութային ժառանգությունը, որը հարյուրամյակների ընթացքում կուտակել են Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում ապրած մեր հայրենակիցները։

«Նրանք փաստացի թողել են հսկայական ժառանգություն շատ տարածքներում և բռնի տեղահանվել են ադրբեջանցիների կողմից։ Այդ ժառանգությունը գտնվում է անպաշտպան վիճակում։ Մեր նպատակն այն է, որ բարձրաձայնենք, հանրայնացնենք, այդ թվում՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռենք տվյալ խնդրի վրա»,- ասաց Գաբրիելյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ադրբեջանցիներն արդեն իսկ ոչնչացրել են հայկական ծագում ունեցող բազմաթիվ հուշակոթողներ, վանքեր ու մշակութային այլ արժեքներ՝ Գաբրիելյանն ընդգծեց, որ միությունն ըստ էության բարձրաձայնում է մեր պատմամշակութային ժառանգության իրավունքը՝ պնդելով, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի ոչնչացման դեպքերը, իրականացնի կանխարգելիչ քայլեր՝ եղած ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Գաբրիելյանը հայտնեց, որ իրենք իրավատեր լինելով՝ պատրաստ են նաև իրավական գործընթաց սկսել։

«Պետական մակարդակով նույնպես ձեռնարկվում են քայլեր։ Օրինակ՝ նոյեմբերի 17-ին Հաագայի դատարանը կայացրեց վճիռ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որում արձանագրվել է, որ հայկական պատմամշակութային ժառանգությունն Ադրբեջանում վտանգված է»,- նշեց համահայկական միության նախագահը։

Գաբրիելյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջազգային շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անխափան այցելեն Ադրբեջանի այն տարածքները, որտեղ պահպանվել են հայկական մշակույթի նմուշներն ու կոթողները։ Ու թեև ադրբեջանցիներն ամեն կերպ կփորձեն խոչընդոտել նրանց այցը, բայցևայնպես անհրաժեշտ է հետևողական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ այդ կառույցների համար Ադրբեջանի իշխանությունն ընձեռի մուտքի հնարավորություն, որպեսզի միջազգային կառույցներն արձանագրեն հայկական մշակութային ժառանգության գոյությունը և քայլեր ձեռնարկեն այն պահպանելու ուղղությամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության փոխնախագահ և համահիմնադիր Լևոն Ստեփանյանն իր հերթին նշեց, որ իրենք վերջին շրջանում ակտիվացրել են աշխատանքները և տարբեր թեմաների վերաբերյալ հանդես եկել հասցեական հայտարարություններով։

«Առավել ակտիվ աշխատանքի պահանջ կա, քանի որ ադրբեջանական կողմը չի հրաժարվել ՀՀ տարածքների հանդեպ իր նկրտումներից՝ մոռացության տալով այն իրողությունը, որ կես միլիոնից ավել հայեր վերջին տասնամյակներին դուրս են մղվել Նախիջևանից, Գարդմանից, Շիրվանից և այլ տարածքներից։ Մեր ժողովուրդը փաստորեն վերջին շրջանում ամենամեծ կորուստներն ունեցել է հենց հայ-ադրբեջանական բախումներից և տուժել անարդար կերպով։ Հերթական անգամ ականատես եղանք բիրտ գործելակերպին, երբ մի քանի օրվա ընթացքում հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը։ Այսօրվա միջոցառման նպատակն այն է, որ միջազգային հանրությունն ի վերջո ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում Անդրկովկասում, որպեսզի դեմ կանգնի անարդարությանը»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն ինչ ցուցադրվում է, մեր հսկայածավալ ժառանգության չնչին մասն է։ Ստեփանյանը ցույց տվեց իր ձեռքի տակ եղած և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի կողմից պատրաստված ատլասը, որում մոտ 27 հազար հայկական մշակութային կոթողներ ոչնչացվել են միայն Նախիջևանում։ Մեր զրուցակիցն անհանգստություն հայտնեց առ այն, թե ինչ է սպասում Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական կոթողներին, որովհետև դեռ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Հադրութի շրջանում և այլ տեղերում ոչնչացվեցին բազմաթիվ մշակութային կոթողներ։ Նախիջևանցիները շատ լավ պատկերացնում են, թե դա ինչ է, քանի որ իրենց մաշկի վրա են զգացել ադրբեջանական վանդալիզմի հետևանքները։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության մյուս փոխնախագահ և համահիմնադիր Մարիամ Ավագյանն իր հերթին հայտնեց, որ վաղուց հասունացել է համահայկական տվյալ միության թանգարան ունենալու գաղափարը։

«Մենք պարբերաբար դիմել ենք ՀՀ իշխանություններին այդ հարցով։ Ներկա ցուցադրությունը, որն առաջինն է իր տեսակի մեջ, սկզբունքորեն միտված է դրան և հույս ունենք, որ չի լինի լոկ էպիզոդիկ միջոցառում։ Թանգարանի ստեղծման գաղափարին իշխանությունները դեմ չեն։ Նախկին ու ներկա ղեկավարության մոտ այդ ցանկությունը նկատել ենք։ Թանգարանի ստեղծմամբ կարող ենք ավելի առարկայորեն ներկայացնել մեր գոյության հետ կապված խնդիրները։ Այդ կերպ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ձգտում կրճատել մեր կենսատարածքները։ Մեր հարևանն արդեն անցել է բոլոր սահմանները՝ վտանգելով հայկական էթնոսի գոյությունն առհասարակ։ Մենք պետք է համատեղ ուժերով կասեցնենք այդ ընթացքը, ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու»,- եզրափակեց Ավագյանը։

  • Կիսվել: