Բացառված է, որ վստահության քվեն տան ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք. Մասիս Մայիլյան
Առաջիկա նախագահական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից իմ թեկնածության աջակցության մասին հայտարարությունը և մեր արդեն իսկ սկսված քաղաքական երկխոսությունը բավականին լայն ու դրական արձագանք են գտել հանրության ամենատարբեր շերտերում։ Այս մասին Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Միասնական հայրենիք» կուսակցության և մեր դաշնակից մյուս ուժերի հետ քննարկում ենք արմատական բարեփոխումներ իրականացնելու սկզբունքներ ու հայեցակարգեր, հնարավոր խորհրդարանական համագործակցության ձևաչափեր և ընդհանրապես չենք անդրադարձել կադրային քաղաքականությանը, առավել ևս չկան պայմանավորվածություններ ապագա կառավարությունում կոնկրետ նշանակումների մասին։ Նման մտահոգություն ունեցողներին խորհուրդ կտայի առավել հանգամանորեն ծանոթանալ մեր Սահմանադրությանը, որտեղ այս առնչությամբ ամեն ինչ կանոնակարգված է։
Ըստ այդմ, բացառված է, որ ժողովուրդը նախագահական ընտրություններում իր վստահության քվեն տա ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք»։