երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում ընտրողները քվեարկության օրը կապահովվեն դիմակներով, ձեռնոցներով և առանձին գրիչներով

Արցախում ընտրողները քվեարկության օրը կապահովվեն դիմակներով, ձեռնոցներով և առանձին գրիչներով

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ինչպես նախապես հայտարարվել էր, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով՝ ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:

Մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելու գերնպատակը՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Այսպես, տեղամասային կենտրոններում գտնվողները (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ և այլ անձինք) ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով  (ալկոգել, քլորակիր), տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ:

Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:

  • Կիսվել: