ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

2024թ․ մայիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրել են Տեսչական մարմնի 2024թ․ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված և 1-ին եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից ՀՀ տարածքում պետական, համայնքային սեփականության հողամասերի վրա ապօրինի շահագործվող գազա-բենզալցակայանների գույքգագրման, այդ օբյեկտների՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողությանը։

Աշխատանքային քննարկմանը ներկայացվել են նաև նավթի, նավթամթերքների և հեղուկ գազի պահեստարանների նկատմամբ արված տեսչական վերահսկողության արդյունքները։

Քաղաքաշինության ոլորտը համակարգող ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը զեկուցել է ՀՀ տարբեր համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողական միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկայում արվելիք ստուգումների մասին։

Խորհրդակցության վերջում ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ։

  • Կիսվել: