ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Բագրատ Սրբազանը հանդիպել է Տեր–Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչների հետ

Բագրատ Սրբազանը հանդիպել է Տեր–Պետրոսյանի կուսակցության ներկայացուցիչների հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կուսակցության` Հայ ազգային կոնգրեսի անդամներ Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի հետ։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ զրույցում։
 

Երթով դեպի ԵՊՀ գնալու ճանապարհին լրագրողի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել նրանց հետ, նա պատասխանեց. «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես, բարեկամություն, մտերմություն ունեմ։

Բնական գործընթացի մաս է կազմում»։

Հարցին՝ ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, նաեւ սահմանազատման գործընթացի դադարեցմանը, Սրբազանը պատասխանեց. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»:

Խոսելով վաղվա՝ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, Տավուշի թեմի առաջնորդն ասաց. «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»։

Հարցին՝ ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, արդյո՞ք արձագանք եղել է, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ»։

Նա նաև հայտարարեց. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծում ուրիշ ձև չա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է  Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։

  • Կիսվել: