ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ընդգրկելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Երևան քաղաքում գտնվող 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են մոտ 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը։

Կազմավորումների ստեղծման աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում, որոնք նպատակ ունեն խթանել ՀՀ-ում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ու կամավորական գործունեության զարգացմանը։ Ներկայումս իրականացվող բնակչության պաշտպանության համակարգի բարելավումներն ուղղված են արտակարգ իրավիճակներին արձագանքող ուժերի կատարելագործմանը և բնակչության լայն զանգվածներին կամավորական շարժման մեջ ընդգրկմանը։

Ուսանողական կազմավորումների ուսուցման կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակումը, գործնական հմտությունների ձևավորումն ուսանողներին հնարավորություն են տալիս գիտելիքներ ձեռք բերել փրկարարական գործի վերաբերյալ, որոնք նրանք կարող են կիրառել ոչ միայն տեսական, այլ նաև գործնական մակարդակում։ Կազմավորումներում ընդգրկված ուսանողները զինվում են տարրական փրկարարական գիտելիքներով և անհրաժեշտության դեպքում կկարողանան աջակցել փրկարարական աշխատանքներին։

Միայն փետրվար ամսին մոտ 100 ուսանողի հետ անց են կացվել տեսական դասընթացներ «Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային» և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» համալսարաններում։

Ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներից երկուսը մարտ ամսին արդեն ներգրավվել են ԵՓՎ կողմից անցկացված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում: Նախատեսվում է ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների խմբերը ներգրավել նաև ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող տարեկան պլանով նախատեսված հատուկ տակտիկական այլ ուսումնավարժություններում ևս։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 35 ուսանողների հետ ծառայողների կողմից իրականացվել է «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով տեսական դասընթաց, իսկ հրշեջ-փրկարարական ջոկատում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 15 ուսանողների հետ՝ «Փրկարարական պարզ գործիքներ և սարքավորումներ» և «Անվտանգության պահպանումը փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներով տեսական և գործնական դասընթացներ։

Փրկարարական կազմավորումների ստեղծման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, որոնք միտված են նպաստելու կամավորական շարժման բազմաշերտ համակարգի հիմնմանը։

 

May be an image of 6 people

May be an image of 9 people and text

  • Կիսվել: