հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։

Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացաններ, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Արթիկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Գնդացրի, ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան ու փամփուշտներ կամավոր հանձնելու դեպք։

Ախուրյանի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ճամբարակ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է նռնականետ։ Արտանիշ գյուղի մի բնակիչ էլ Ճամբարակի բաժին է բերել ողորկափող հրացան և ռազմամթերք։

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի քաղաքի մի բնակիչ բաժին է բերել հրացան ու ռազմամթերք։

Տավուշի բաժնում արձանագրվել է ակոսափող հրազեն կամավոր հանձնելու 2 դեպք՝ շնորհիվ ոստիկանների բացատրական աշխատանքի։

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաշեն հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: