ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարիաննա Շահպարոնյանը Ախալքալաքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

Մարիաննա Շահպարոնյանը Ախալքալաքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի  հայոց թեմի բարձր հովանու ներքո հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանն այցելել է Ախալքալաք, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն:

Ախալքալաքի համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, գրող Գևորգ Հայասան, դպրոցի տնօրեններ և արվեստասերներ։

«Ախալքալաք այցը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի․ իմ մեծ պապիկը՝  Վարդան Շահպարոնյանը, Ջավախքի մեծանուն նվիրյալ է։ Նա եղել է հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող, կառուցել է դպրոցի շենքը, հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը։ 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան  գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը։  

Մեծ հպարտությամբ և ոգևորությամբ Ախալքալաքում ներկայացրի հայրենիքին նվիրված «Դեպի Հայաստան» գիրքը, ինչպես նաև քննարկումներ ունեցա համայնքի ներկայացուցիչների հետ օտարության մեջ հայի ինքնությունը պահպանելու իրենց վեհ գործի վերաբերյալ»,-նշել է Շահպարոնյանը։ 

Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։

  • Կիսվել: