շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Յուրաքանչյուր նվաճում և մեդալ մի մեծ թիմի աշխատանք է․ Վահագն Դավթյան

Յուրաքանչյուր նվաճում և մեդալ մի մեծ թիմի աշխատանք է․ Վահագն Դավթյան

Շնորհակալ ենք մեր մարզիչներին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։ Այս մեդալները մի մեծ թիմի աշխատանքի արդյունք է: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում  դիմավորման ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը:

«Օղակների վարժությունում բարդ եզրափակիչ ստացվեց, քանի որ Եվրոպայի 8 ուժեղագույններն էին պայքարում: Մրցումային լարվածություն կար: 2016 թվականից հետո միշտ մեդալին շատ մոտ եմ եղել, մի տարի 4-րդ, ապա 5-րդ տեղ: Գնահատականներս մեդալներին շատ մոտ են եղել, բայց չնչին միավորներ չէին բավականացնում: Այս անգամ ստացվեց եւ շատ ուրախ եմ: Յուրաքանչյուր մեդալ նոր մոտիվացիա է: Ինչպես յուրաքանչյուր մրցման, այստեղ էլ շատ լավ պատրաստվել էինք, աշխատել:

Յուրաքանչյուր նվաճում, մեդալ մի մեծ թիմի աշխատանք է՝ մարզիչների հետ միասին, մեր ընկերներով: Բոլորը մեծ ներդրում ունեն այս ամենում: Բավականություն է պատճառում այն աշխատանքը, որ վերջնական արդյունքը լինում է գոհացուցիչ առաջին հերթին մարզիչների համար: Շնորհակալ ենք նրանց կատարած մեծ աշխատանքի համար: Այս ամենը նաեւ ֆեդերացիայի նախագահի ահռելի մեծ աշխատանքի եւ նվիրվածության արդյունքն է: Մեր թիմն ուժեղ է: Հուսամ՝ մենք շատ ավելի մեծ բարձունքների ենք հասնելու: Մեզ նաեւ ոգեւորեց այն հանգամանքը, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունից առաջ երիտասարդներն էին Թուրքիայում շատ լավ մասնակցել: Նրանց հաղթանակներն ու մեդալները մեզ ոգեւորեցին եւ օգնեցին, որ մենք բարձր արդյունքներ գրանցենք այնտեղ»,- ասաց Վահագն Դավթյանը:

  • Կիսվել: