հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-22-ը Սևանի ափին. հայտ է ներկայացրել մոտ 100 բենդ

«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-22-ը Սևանի ափին. հայտ է ներկայացրել մոտ 100 բենդ

Այս տարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-22-ը Սևանա լճի ափին: Նախատեսվում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որն օգտագործվում էր «Սևան ստարտափ սամիթի» շրջանակում, քանի որ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա:

Նախապատրաստական աշխատանքները սկսված են, հայտ է ներկայացրել մոտ 100 բենդ: Մասնակիցների աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը, կան նաև հայտեր Կանադայից և Ավստրիայից: Մասնակիցներին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, մրցույթի արդյունքում կընտրվի մոտ 20 բենդ:

«Տարածքը բաց է լինելու քաղաքացիների համար: Նախատեսում ենք, որ նաև 30 տաղավարներ կունենաք, որտեղ կներկայացվեն մարզի տնտեսվարողների արտադրանքը: Սա կնպաստի, որ փառատոնն ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից նախատեսում ենք, որ ավելի քան 3000 մարդ կայցելի փառատոնին, և դա հնարավորություն կտա Սևանա լճի ափին ունենալ նոր իրադարձություն, որը տարածաշրջանի զարգացման համար էլ լավ հարթակ կլինի»,- ասաց նախարարը:

Մրցանակային ֆոնդը կլինի 10 միլիոն դրամ՝ նախատեսված առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Բենդերը պետք է բաղկացած լինեն նվազագույնը 3 անձից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ պետք է խթանել երիտասարդների ստեղծագործականությունը. «Ընդհանրապես քաղաքական ազատությունները և ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ, և էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում՝ երիտասարդության շրջանում»:

  • Կիսվել: