շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շրջայց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Շրջայց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կառավարության անդամները քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ շրջել են ԵՕՀՊՄ նորակառույց հանրակացարանային համալիրում, ծանոթացել ենթակառուցվածքային բարեկարգված պայմաններին:

Կառավարությունը «Կրթական և մարզական հաստատությունների կապիտալ նորոգման» պետական ծրագրի շրջանակում ավելի վաղ շուրջ 176 մլն դրամ էր հատկացրել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հանրակացարանի առաջին հարկում գործում են գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, ինչպես նաև ամֆիթատրոնը, որտեղ քոլեջի սաները երեկոյան դիտումներ են կազմակերպում։ Մյուս չորս հարկերում 44 սենյակ կա՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Պետական բյուջեից կատարված հատկացումներով այժմ քոլեջի տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կապված մարզադահլիճների կառուցման, նորոգման և վերակառուցման հետ: Մասնավորապես, գրեթե ավարտին են հասել ծանրամարտի մարզադահլիճի ընդլայնման աշխատանքները, նորոգվելու է 72 մետրանոց ըմբշամարտի դահլիճը, որը հնարավորություն կտա հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի մարզումներն անցկացնել միաժամանակ, կառուցվելու են բռնցքամարտի և ձյուդոյի նոր դահլիճներ։ Արդեն կառուցվել են ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, վարժասարքերի հրապարակ և այլն։

Կառավարության անդամները հետաքրքրվել են շինարարական աշխատանքների ընթացքից ու կարևորել են սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմանների ապահովումը: Շրջայցի շրջանակում քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:

2023-2024 ուսումնական տարում ԵՕՀՊՄ քոլեջում կլինի 18 դասարան՝ նախորդ տարվա 16 դասարանի փոխարեն։

Քոլեջում ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից. ընդգծված սպորտային կարողություններ ունեցող աշակերտները հնարավորություն ունեն միանգամայն անվճար սովորել օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժիններում։

  • Կիսվել: