հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին

Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-յան նախագծի եթերում անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Լիդսի» հետ կապված միջադեպին՝ խոսելով ակումբի կողմից դրսևորված անհասկանալի մոտեցման մասին, գրում է armsport.am-ը:

Ֆուտբոլիստի հավաստմամբ՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը մեկուկես օր առաջ իրեն զանգահարել է անհայտ մի անձ և տեղեկացրել, որ «Լիդսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել՝ վարձակալություն՝ հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու պայմանով։

«Ես նրան հարցրի. «Ինչո՞ւ եք ինձ զանգահարում, ընդհանրապես ովքե՞ր եք դուք»: Ես գործակալ չունեմ, ուստի հորդորեցի ուղիղ ակումբ զանգահարել: Պատուհանի փակմանը մնացել էր ընդամենը մեկ օր, ուստի ես այդ զրույցին ամենևին լուրջ չվերաբերվեցի: Ցավոք, նման դեպքեր անընդհատ են գրանցվում»,- նշել է Սպերցյանը:

Զրույցի ընթացքում հիշատակվել է նաև, որ անգլիական ակումբը հայ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվել է նաև նախորդող ամռանը և նախորդ ձմռանը, սակայն գործընթացն այդպես էլ տրամաբանական ավարտի չի հասել:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե վերջին օրով նման պայմաններով առաջարկ անելն անհարգալից վերաբերմունք է և տպավորություն է ստեղծում, թե խոսքը ոչ բարձրակարգ առաջնության ֆուտբոլիստի մասին է, Սպերցյանը հավելել է.

«Առավել ևս, որ ես վստահ եմ՝ նրանք ունեն ակումբի ղեկավարության կոնտակտները: Եթե իրոք ցանկանում եք կամ մտածում եք այդ տրանսֆերի մասին, ապա միանգամից ակումբ զանգահարեք: Ստացվում է այնպես, որ ամեն կես տարին մեկ ինձ տարբեր մարդիկ են զանգահարում՝ առանց որևէ լուրջ քայլի»:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: