երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր

«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր

Digitain ընկերությունների խմբի եւ Armenia Wine ընկերության սեփականատեր Վարդգես Վարդանյանը ձեռք է բերել Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը։

Այդ մասին հայտնել է ակումբի արդեն նախկին սեփականատեր «ՆՈԱ» հոլդինգի նախագահ Ռոման Գեւորկյանը։

Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոման Գեւորկյանի հայտարարությունն այդ մասին։

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ, Հայաստանի ֆուտբոլային համայնք,

«Շուրջ հինգ տարի ՖԱ «Նոան» եղել է մեր հոլդինգի դրոշակակիրը, որի նշանի տակ միավորված են եվրոպական մի քանի ակումբներ։

Որպես հոլդինգի առաջին թիմ՝ ՖԱ «Նոան» անցել է եվրոպական ֆուտբոլային ակումբի ձևավորման բոլոր փուլերը՝ ունենալով օրինաչափ հաջողություններ ու անխուսափելի սայթաքումներ, որոնցից էլ բաղկացած է ՖՈՒՏԲՈԼԸ, ինչն, անկասկած, նպաստել է եվրոպական ֆուտբոլային ասպարեզ մուտք գործելուն։

Մենք մեր առջեւ դրեցինք հավակնոտ նպատակներ, որոնցից շատերին կարողացանք հասնել։ Հինգ տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը (մասնակցության առաջին տարում), երկու անգամ դարձավ երկրի փոխչեմպիոն և խաղաց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։

Բացի այդ, մեծ աշխատանք է կատարվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում․ հարյուրավոր երիտասարդներ սկսեցին մարզվել «Նոա» ակադեմիայում, որտեղ ներդրվեց իսպանական «Վիլյառեալի» զարգացման մեթոդաբանությունը։ Սրանք հաղթանակների ու պարտությունների, հույսերի իրականացման տարիներ էին, «Նոան» դարձավ ակումբ, որն իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ֆուտբոլային համայնապատկերում։

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի անդամներին և ակումբի ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ուժը, եռանդն ու պրոֆեսիոնալիզմն են ներդրել  «Նոայի» կայացման գործում։

Այժմ «Նոա» ՖԱ-ի զարգացման հետագա վեկտորը կորոշի ակումբի նոր սեփականատերը՝ մեր վաղեմի բարեկամ գործարար և բարերար Վարդգես Վարդանյանը, ում ի թիվս այլոց պատկանում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից Digitain ընկերությունների խումբը, ինչպես նաև Armenia Wine ընկերությունը. ձեռնարկություններ, որ վաղուց ապացուցել են, որ տիրապետում են իրական և երկարաժամկետ հաջողության հասնելու գաղտնիքին: Վստահ եմ, որ նոր սեփականատարերի հովանու ներքո ակումբն իր համար բարձ նշաձող կսահմանի ու կհասնի նորանոր հաջողություններ։

Իսկ մենք կշարունակենք լինել «ՆՈԱ»-ի հավատարիմ երկրպագու և ուրախանալ թիմի յուրաքանչյուր ձեռքբերումով:

ՆՈԱ հոլդինգի նախագահ

Ռոման Գեւորկյան»։

  • Կիսվել: