շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մեզ մոտ ամեն ինչ լավ է, սպասում ենք առաջին հնարավոր թռիչքի․ Հակոբ Սերոբյանը՝ Դոհայից

Մեզ մոտ ամեն ինչ լավ է, սպասում ենք առաջին հնարավոր թռիչքի․ Հակոբ Սերոբյանը՝ Դոհայից

Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապահով ենք, շարունակում ենք մարզումները եւ սպասում թռիչքների բացվելուն: Վախի եւ տագնապի մթնոլորտ չկա, միակ վախն այն է, որ կարողանանք Արթուր Ավետիսյանին շտապ ուղեւորել Հայաստան. մարտի 20-ին Արթուրի ամուսնությունն է: Գոնե մեկ թռիքչ լիներ, նա հասներ իր հարսանիքին:  
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կատարից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: 

Տարածաշրջանում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարի մայրաքաղաք Դոհայից եւ բաց կթողնի Անթալիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը: 

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք, շարունակում ենք մեր մարզումները: Չենք կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքներ չկան: Պետք է մասնակցեինք Թուրքիայի աշխարհի գավաթի երրորդ փուլին: Դուբայի, մյուս քաղաքների բոլոր թռիչքները չեղարկվում են: Մեր ֆեդերացիան տարբեր ճանապարհներով մի քանի անգամ տոմսեր գնեց, չվերթները նորից չեղարկվեցին: Այդ պահին դեռ չգիտենք, թե երբ կարող ենք վերադառնալ: Մինչեւ չբացվեն թռիչքները, չենք կարող դուրս գալ այստեղից: Ոչինչ պարզ չի: Ֆեդերացիան հետեւում է, թե երբ են բացվելու թռիչքները, որ անմիջապես տոմսեր գնի: 

Մեր թիմը Գերմանիայում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Երկրորդ փուլը Բաքվում էր, որին չէինք մասնակցում, այդ պատճառով որոշեցինք գալ Դոհա, հավաք անել, մինչեւ Բաքվի փուլն ավարտվի եւ մեկնենք Թուրքիա՝ երրորդ փուլին: Մենք Դոհա ենք եկել փետրվարի 23-ին, տարածաշրջանում լարվածությունը սկսել է փետրվարի 28-ից: 

Մեր թիմն ապահով վայրում է, տեսել ենք, լսել ենք հարվածները, պայթյունները, բայց վախի մթնոլորտ չկա: Ինչի՞ց վախենանք: Հեռախոսներին պարբերաբար գալիս են օդային տագնապի ազդանշաններ, զգուշացնում են:  Ամեն ինչ տեսնում ենք եւ շարունակում ենք մարզվել: Համլետը նժույգի վարժությունն ավելի բարձր է անում, որպեսզի ռակետներն իրեն չդիպչեն, տակով անցնեն (ծիծաղում է,- խմբ.): Մեզ մոտ մարզումային պրոցես է: 

Կատարի ֆեդերացիան մեզ ամեն ինչով աջակցում է, դահլիճային պայմանները շատ լավն են: Մեզ հետ հավաք էր անցնում նաեւ Ուզբեկստանի հավաքականը, բայց նրանք կարողացան մեկնել: Ուզբեկստանի դեսպանատունը կարողացավ կազմակերպել վիզաների հարցը եւ թիմին տանել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ, որտեղից նրանք այսօր երեկոյան կմեկնեն: 

Մենք պատրաստ ենք ցանկացած պահի դուրս գալ եւ վերադառնալ Երեւան, երբ թռիչք լինի: Մեզ մնում է մասնակցել աշխարհի գավաթի երեք փուլի: Այս փուլերի միավորները իրավունք են տալիս մասնակցել աշխարհի առաջնությանը: Այս առումով մտավախություն չունենք, քանի որ տղաները առաջին փուլում 4-ն էլ եզրափակիչ էին դուրս եկել եւ միավորներ են վաստակել: Հաջորդ փուլերին էլ կմասնակցենք եւ կապահովենք մեր միավորները: Երեք փուլերը լինելու են Եգիպտոսում, Խորվաթիայում եւ երրորդը՝ Կատարում: Կասկածում եմ, որ Թուրքիայի գավաթին բոլոր թիմերը կարողանան մասնակցել: Գուցե այս առումով միջազգային ֆեդերացիան որեւէ որոշում կայացնի, որպեսզի լիարժեք մասնակցություն ապահովեն այն երկրները, որոնք բաց են թողել տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Անհասկանալի իրավիճակ է: 

Միայն մեկ վախ ունենք, իրոք դա է վախենալու. Արթուր Ավետիսյանը մարտի 20-ին պետք է ամուսնանա: Նրա ամուսնության օրը նշանակված է եւ ամեն ինչ արդեն պատրաստ է, մնում է միայն Արթուրը կարողանա վերադառնալ Երեւան: Այսպիսի վիճակ է, չի կարողանում մարզվել այդ մտքից: Ասում եմ՝ գոնե մեկ թռիչք լինի, մեկ տոմս լինի Արթուրին ուղարկենք, ամուսնանա: Սա է վախենալուն, մնացած ոչնչից չենք վախենում: 

Տղաները լավ են, վնասվածքներ չունենք, բոլոր շատ լավ մարզավիճակում են: Այստեղ ամառ է, մեր մարզումները շարունակում ենք: Մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում Կատարի ֆեդերացիան, այսօր եւս մի քանի օրով ապահովեցին հյուրանոցը: Մարզումներն ապահովում է այստեղի սպորտային մարմնամարզության հավաքականը, որի գլխավոր մարզիչը Գուրգեն Սիրեկանյանն է: Դե իսկ մեր ֆեդերացիան էլ ամեն ինչով պատրաստ սպասում է թռիչքների բացվելուն: Մի քանի անգամ բավականին թանկ գնեցին տոմսեր, չվերթները չեղարկվեցին»,- ասաց Հակոբ Սերոբյանը: 

  • Կիսվել: