Հովհաննես Բաչկովը կդառնար աշխարհի չեմպիոն, եթե մենամարտը արդար մրցավարություն ունենար․ Աղամալյան
Աշխարհի առաջնության արդյունքները գոհացնում են, բայց կարող էինք ունենալ 3 կամ 4 մեդալ: Թիմից գոհ եմ: Այս մասին ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ ամփոփելով աշխարհի առաջնությունը:
Կարեն Աղամալյանի խոսքով թիմը կարող էր նվաճել 3-4 մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը կդառնար աշխարհի չեմպիոն, եթե նրա կիսաեզրափակիչի մենամարտը արդար մրցավարություն ունենար:
«Ընդհանուր թիմից գոհ եմ։ Մեդալ էի սպասում Ռաֆայել Հովհաննիսյանից: Նա կարող էր: Այստեղ տարբեր մրցավարական հարցեր եղան: Կային բռնցքամարտիկներ, որոնք կարող էին ավելի լավ արդյունք ցույց տալ, որովհետեւ գերազանց էին պատրաստվել: Բոլորն էլ այստեղ ասում են, որ Հայաստանի թիմը շատ պատրաստ էր այս առաջնությանը:
Հովհաննես Բաչկովից սպասում էինք ոսկի, սպասում էինք, որ դուրս կգա եզրափակիչ: Նա պատրաստ էր ոսկե մեդալ նվաճել: Բաչկովի կիսաեզրափակիչի մենամարտը չեմ կարող մեկնաբանել: Անհասկանալի էր, հատկապես առաջին ռաունդից հետո ամեն ինչ անհասկանալի էր: Չեմ սիրում ասել, թե մրցավարական խնդիրն է պատճառը, բայց մեզ սխալ դատեցին, միայն կասեմ, որ ոսկին կորցրինք:
Կիսաեզրափակիչում ուզբեկ մրցակիցը ուժեղ չէր, բայց պինդ տղա էր: Ես կարծեցի, որ երկրորդ ռաունդից այլեւս չի դիմանա, բայց երբ Բաչկովը հարված ստացավ, նոկդաուն գրանցվեց, երեւի դա ինչ-որ բան որոշեց: Միանշանակ կասեմ, որ Հովհաննեսն այս մենամարտում չի պարտվել:
Հովհաննես Բաչկովը հոգնած չէր: Նա հրաշալի մարզավիճակում էր: Կիսաեզրափակիչը նրա չորրորդ մենամարտն էր: Մինչ այս պահը ոչ ոք չգիտեր, բայց նա ձեռքի վնասվածք ուներ: Յուրաքանչյուր մենամարտից հետո ներարկումներ էինք անում եւ պատրաստում հաջորդին: Երեք մենամարտ հաղթեց, երեքն էլ մեկը մյուսից ծանր էր: Այս քաշային կարգում երիտասարդներն արդեն աճել են եւ ուժեղ պայքար է գնում:
4-րդ բրոնզե մեդալը նվաճեց: Ինքն էլ շատ ծանր վիճակում է: Նա պատրաստ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել ու կլիներ, եթե կիսաեզրափակիչի մենամարտն այդպես անարդար չդատեին:
Եթե այդպես դատենք, Ռաֆայել Հովհաննիսյանն էլ կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ: Այդ քաշում նա ուներ բոլոր հնարավորությունները: Նարեկ Մանասյանը շատ լավ դրսեւորեց իրեն: Մեդալի մեծ սպասելիք ունեի նաեւ Արթուր Բազեյանից:
Աշխարհի առաջնությունում թույլ բռնցքամարտիկներ չկան: Ամբողջ աշխարհը բռնցքամարտ է անում: Մեզ էլ ասում են, որ Հայաստանի թիմը մրցունակ է, պայքարում է:
Մեկ ամսից Եվրոպական խաղերն է, որն օլիմպիական վարկանիշային է: Դեռ չգիտենք՝ ինչպես ենք պատրաստվելու, ինչ փուլերով, ինչպես ենք անելու, որ տղաները վերականգնվեն: Այս աշխարհի առաջնությունը ոչինչ չէր տալիս, բացի պարգեւավճարներից: Առաջին անգամ դրամական պարգեւներ ստացան նաեւ 5-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները:
Բրոնզե մեդալակիրները պարգեւատրվեցին 50 հազարական դոլարներով, արծաթե մեդալակիրները՝ 100 հազար, ոսկե մեդալակիրները՝ 200 հազար:
Անկեղծ կլինեմ՝ այս արդյունքը լավ է: Ես գոհ եմ իմ աշխատանքից: Երկու մեդալով ենք վերադառնում, բայց պիտի լիներ 3 կամ 4 եւ, ինչպես արդեն ասացի՝ կորցրինք ոսկե մեդալ»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 1-14-ն անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց երկու բրոնզե մեդալով: 4-րդ անգամ բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Իր մարզական կարեիրայում առաջին անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը: