Հայտնի են կանանց ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է B2 խմբում, որտեղ կհանդիպի Թուրքիայի, Անդորրայի ու Մոնտենեգրոյի Մ-17 հավաքականներին։
A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Խաղերը կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարի ձևաչափով։ Խմբում 4-րդ տեղերը գրաված թիմերը կնահանջեն B Լիգա։
B լիգայում 22 հավաքական բաժանվել է 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ, և 2 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։ Խաղերը նույնպես կանցկացվեն մեկ վայրում մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմերը կբարձրանան Aլիգա։
Երկու լիգաներում էլ առաջին փուլի հանդիպումները պետք է անցկացվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը։ Եզրափակիչ փուլը կայանալու է Ֆինլանդիայում։



