Հայտնի է, թե որքան կտևի Արման Ծառուկյանի վերականգնումը
Մարտական սպորտի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի մեջքի վնասվածքից վերականգնումը կտևի մի քանի շաբաթ։ Այս մասին հայտնել են մարզիկի թիմից, փոխանցում է armsport.am-ը:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել էր, որ Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը չեղարկվել է՝ վերջինիս վնասվածքի պատճառով։ Տիտղոսային մենամարտում նրա փոխարեն հանդես կգա բրազիլացի Ռեյնատո Մոյկանոն։ Մենամարտը կանցկացվի հունվարի 19-ի գիշերը` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում։
Ծառուկյանի թիմի հաղորդմամբ՝ մարտիկը վնասվածքը ստացել է քաշի նվազեցման ընթացքում։
«Արմանն անգամ չէր կարողանում շարժվել։ Նա կանցնի մանրամասն բժշկական հետազոտություն, որը կորոշի հետագա քայլերը։ Բայց վերականգնումը կտևի մի քանի շաբաթ»,- նշել են թիմի ներկայացուցիչները։
28-ամյա Ծառուկյանը 22 հաղթանակ և 3 պարտություն ունի իր հաշվին։ UFC-ում նա անցկացրել է 11 մենամարտ, որոնցից 9-ը հաղթել է։