հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ ծանրորդները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

Հայ ծանրորդները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում  սեպտեմբերի 6-ին պայքարը սկսում են հայ ծանրորդները:

Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը: Երկուսն էլ հանդես կգան 55 կգ քաշային կարգի A խմբում:

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ: Իզաբելա Յայլյանը ֆավորիտներից մեկն է: Երկամարտում նրա նախնական հայտը 210 կգ է: Նույնքան է պատվիրել նաեւ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ ռումինացի Անդրեա Կորտրուտան:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (87+109), Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդն էր:

55 կգ քաշային կարգի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը կպայքարեն օլիմպիական 59 կգ քաշային կարգում վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականը Էր Ռիյադում կպայքարի 9 մասնակցով: Կազմում ընդգրկված են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ),  Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Սեպտեմբերի 6, 20:00 (Երեւանի ժամանակով)

Իզաբելլա Յայլյան, 55 կգ (նախնական հայտը երկամարտում 210 կգ)

Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ (նախնական հայտ՝ 210 կգ)

Սեպտեմբերի 7, 20:00

Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 330 կգ)

Սեպտեմբերի 11, 17:30

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Սեպտեմբերի 11, 20:00

 Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Սեպտեմբերի 13, 17:30

Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ) 

Սեպտեմբերի 14, 20:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Սեպտեմբերի 15, 12:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)

Սեպտեմբերի 15, 20:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ) 

Սեպտեմբերի 17, 17:30

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):

  • Կիսվել: