ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ գալիք տարում մարմնամարզության Երևանի բաց մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը

Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ գալիք տարում մարմնամարզության Երևանի բաց մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը

Երևանում մեկնարկած մարմնամարզության Երևանի բաց մրցաշարի միջոցով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նախապատրաստվում է 2027 թվականին մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Մենք այս մրցաշարին հրավիրեցինք 5 երկրի, բայց եկան միայն երեքը: Մեզ համար սա շատ լավ փորձ է: Առավել ուրախալի է, որ երիտասարդներն են մասնակցում առաջնությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինս հույս հայտնեց, որ գալիք տարում մրցաշարը կընդլայնի մասնակից երկրների աշխարհագրությունը:

«Մենք փոքր խնդիր ունենք գործիքների հետ կապված, քանի որ նոր ենք սկսում նման միջազգային մրցաշարեր անցկացնել: Վստահ եմ, որ մյուս տարիներին մասնակիցների թիվը կմեծանա: Քայլ առ քայլ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Սա մեզ համար նախավարժանքի պես է, որը կօգնի հասկանալ, թե ինչ կարող ենք անել»,-ասաց նա:

Երևանի բաց մրցաշարն անցկացվում է առաջին անգամ: Այս տարին երիտասարդների մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Լեհաստանի ներկայացուցիչները:   

  • Կիսվել: