չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին. Գարիկ Կարապետյան

Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին. Գարիկ Կարապետյան

Հույզերով լի առաջնություն ստացվեց: Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, քանի որ նախորդ 2-3 մրցաշարերում ինչ-որ բան խանգարում էր, որ մեդալով վերադառնամ: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց մարզավիճակիս եւ կարողացա ոսկե մեդալ նվաճել: Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը, որն այս գիշեր Հայաստանի թիմի հետ Քիշնեւից վերադարձել է հայրենիք:

Ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն (185 + 226): Առանձին վարժություններում Կարապետյանը նվաճեց նաեւ երկու փոքր ոսկե մեդալները:

«Աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքիցս հետո շատ դժվարություններ ունեցա: Մարզվելու համար շատ քիչ ժամանակ ունեի: Երկու հավաքի եմ մասնակցել, երկու ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու համար: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասա գերազանց վիճակիս եւ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան:

Չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, որովհետեւ նախորդ 2-3 մրցաշարերից պետք է մեդալով վերադառնայի, բայց ինչ-որ բան խանգարում էր: Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում: Մրցակցությունը շատ թեժ էր, ամեն ինչ լավ էր: Հույզերով լի առաջնություն ստացվեց»,- ասել է Գարիկ Կարապետյանը: 

Գարիկ Կարապետյանն առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214):

  • Կիսվել: