շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը․ Արթուր Սերոբյան

Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը․ Արթուր Սերոբյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, որը վարձավճարով հանդես կգա պորտուգալական «Կասա Պիա» ակումբում, լրագրողների հետ զրույցում խոսել է ինչպես նոր թիմի, տեղափոխության, այնպես էլ հավաքականի առաջիկա խաղերի մասին, գրում է  ArmSport.am-ը

-Արթուր, Պորտուգալիայի առաջնություն տեղափոխությունն ինչպե՞ս ստացվեց և դա ի՞նչ նշանակություն ունի։

-Շատ արագ ստացվեց։ Տրանսֆերային պատուհանն արդեն փակվում էր, վերջին երկու օրում ամեն ինչ կայացավ։ Իմ կարիերայում սա կարևորագույն առաջ քայլ է։ Բոլորին է հայտնի՝ Պորտուգալիայի առաջնությունը բավականին հզոր է։ Այո, եղել են նաև այլ առաջարկներ, բայց կարծում եմ՝ սա ինձ համար լավագույն տարբերակն էր։

 

-Արթուր, պորտուգալական «Կասա Պիա» տեղափոխվեցիր «Արարատ-Արմենիայից»՝ վարձավճարով, բայց ԲԿՄԱ-ն քո կարիերայում, կարելի է ասել, որոշիչ դեր է խաղացել։ Կարիերայիդ այս աստիճանական աճը քո պատկերացրածո՞վ ստացվեց։

-Իսկապես, ԲԿՄԱ-ն իմ կյանքում ու կարիերայում շատ կարևոր դերակատարություն է ունեցել։ Առաձնահատուկ կցանկանամ նշել Ռաֆայել Նազարյանի դերն իմ կարիերայում։ Նա ինձ խաղալու և իմ ունակությունները ցույց տալու հնարավորություն տվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև «Արարատ-Արմենիայում» իմ բոլոր մարզիչներին։ Կարծում եմ՝ այս ամենը եղավ հենց ճիշտ ժամանակին։ Շատ կարևոր է, որ այնտեղ ինձ կարողանամ լավ դրսևորել և հետո ավելի թոփ-թիմեր տեղափոխվել։

-Արդեն մեկնե՞լ ես Պորտուգալիա, ծանոթացե՞լ ես թիմին։

-Դեռ ոչ, միջազգայից դադարից հետո կմեկնեմ։

-Իսկ առաջիկա խաղերից ի՞նչ սպասելիքներ ունես, հավաքականում ի՞նչ մթնոլորտ է տիրում։

-Հիանալի մթնոլորտ է։ Բոլորս բարձր տրամադրությամբ նախապատրաստվում ենք Թուրքիայի դեմ կարևորագույն խաղին։ Խաղի կարևորությունը բոլորս հասկանում ենք։ Պատրաստվում ենք հաղթանակի։

-Թիմն ինչի՞ է ունակ։

-Բոլորս շատ լավ մարզավիճակում ենք գտնվում։ Վերջին երկու խաղերը դա ցույց տվեցին։ Ամեն ինչ անելու ենք, որ առաջիկա խաղերում հասնենք մեր ցանկալի արդյունքին։

 

 

  • Կիսվել: