կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Այսօր քո վերջին պարն է. Մբապեն հուզիչ կերպով դիմել է Դեշամին

Այսօր քո վերջին պարն է. Մբապեն հուզիչ կերպով դիմել է Դեշամին

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերի իր էջում հուզիչ գրառում է կատարել՝ դիմելով թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին։ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայանալիք հանդիպումը վերջինն է լինելու ֆրանսիացի մասնագետի համար այդ պաշտոնում, գրում է armsport.am-ը:

«Այսօր քո վերջին պարն է: Դու մեզ այնքան շատ բան ես տվել: Մենք պարտավոր էինք քեզ ավելի լավ ավարտ նվիրել, բայց, ցավոք, չստացվեց։ Բառերով դժվար է նկարագրել այն անգնահատելի ավանդը, որն ունեցել ես վերջին 14 տարիների ընթացքում. դու ես այս թիմի վերածննդի գլխավոր ճարտարապետը: Գուցե մարդիկ միշտ չեն գնահատել քո մեծությունը, սակայն պատմությունն ու ժամանակը կտան բոլոր հարցերի պատասխանները։

Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիր այսքան տարի բարձրագույն մակարդակով ներկայացնելու իմ երկիրը: Ինձ համար մեծ պատիվ է կանգնել մեր երկրի մեծագույն լեգենդներից մեկի կողքին։ Միասին անցած ճանապարհից ու գրանցած հաջողություններից միայն լավագույն հիշողություններն են մնացել: Նորանոր հաջողություններ եմ մաղթում քեզ հետագա գործունեությանդ մեջ: Եվս մեկ անգամ շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու տվել ես այս մարզաշապիկին, որը մեզ համար այդքան թանկ է»,- գրել է Մբապեն։

Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամի գլխավորությամբ «Եռագույնները» նվաճել են ԱԱ-2018-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել են 2022 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։

 

  • Կիսվել: