Այդքան էլ գոհ չեմ արծաթե մեդալից, գնացել էի չեմպիոնի կոչումը նվաճելու նպատակով. Գոռ Սահակյան
Շնորհակալ եմ Աստծուն, որ Եվրոպայի առաջնությունում կարողացա փոխչեմպիոն դառնալ, բայց սա այն արդյունքը չէ, որին սպասում էի: Գնացել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով:
Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը:
Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը մասնակցեց 73 կգ քաշային կարգում եւ երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (153+185):
«Շնորհակալ եմ Աստծուն, որ Եվրոպայի առաջնությունում կարողացա այս արդյունքը գրանցել՝ փոխչեմպիոն դառնալ: Մեկ տարի է, ինչ այս քաշային կարգում եմ հանդես գալիս: 73 կգ-ն օլիմպիական քաշ է, բայց մեկ ամսից նորից փոխվելու է եւ դառնա 71 կգ:
Եվրոպայի առաջնությունում արել էի ամեն ինչ, որ լավ մասնակցեի: Ինչ-որ չափով ստացվեց, բայց արծաթե մեդալը լիարժեք այն արդյունքը չէ, որին սպասում էի: Գնացել էի չեմպիոնության հետեւից: Ամեն ինչ առջեւում է, սպորտ է: Ունեմ արծաթե մեդալ: Հետագայում ավելի լավ կլինի:
Այդքան էլ գոհ չեմ արծաթե մեդալից, որովհետեւ, ինչպես ասացի, գնացել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Վերջին մոտեցումներս չստացվեց: Կաշխատեմ սխալներս շտկել, որպեսզի մյուս մրցաշարերում ավելի լավ հանդես գամ»,- ասաց Գոռ Սահակյանը: