Արարատը հետխաղային 11-մետրանոցներով զիջեց Գանձասարին և դուրս մնաց Գավաթի խաղարկությունից
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արարատը» Աբովյանում այսօր ընդունել է «Գանձասար-Կապանին» և հետխաղային 11-մետրնոց հարվածաշարում զիջել մրցակցին՝ դուրս մնալով մրցաշարից: Կապանյան թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Խաղի 36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է կապանյան թիմի խաղացող Աշոտ Քոչարյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 81-րդ րոպեին Կասիմ Հաջին «Արարատի» կազմում հավասարեցրել է հաշիվը:Սակայն 3 րոպե անց հանդիպումն ընդհատվել է, քանի որ Աբովյանի Քաղաքային մարզադաշտը հոսանքազրկվել է:
Ավելի ուշ խաղը մեկնարկել է, ու թիմերին թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակում չի հաջողվել գրավել միմյանց դարպասները: Հանդիպման ելքը վճռվել է 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ հաջողությունն ուղեկցել է «Գանձասար-Կապանի» խաղացողներին՝ 5:4: Ընդ որում, 92-րդ րոպեից «Գանձասարը» թվային առավելություն է ստացել, երբ «Արարատի» կազմում Սերոբ Գալստյանը կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից, գրում է armsport.am-ը: