չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից

Առաջարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից

Հաշվի առնելով, որ հանրապետությունում մարզակառույցների սղության, պայմանների բացակայության խնդիր կա, առաջարկել ենք, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

«Հանրապետությունում նմանը չունեցող մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ տարածքով: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, եւ այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի եւ բռնցքամարտի պարապմունքների համար: «Մարզահամալիրը ԿԳՄՍ նախարարությանը վերադարձնելու եւ հիմնանորոգելու դեպքում մենք կունենանք պետական գոնե մեկ բազա: Անհրաժեշտությունը բարձր է ու կարեւոր, ուստիեւ խնդրում եմ դրական եզրակացություն»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

  • Կիսվել: